Դեկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում տեղի ունեցավ Մոսկովայի Սրետենսկի վանքի աշխարհահռչակ երգչախմբի, Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանի համերգը, որը նախաձեռնել էր «Ռուսական գրքի տուն» կենտրոնը:
Համերգին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արարատյան Հայրապետական թեմի հոգեւոր դասը՝ համայնքների անդամների հետ, մշակութասեր մարդիկ:
Երեւանյան համերգի կազմակերպման աջակիցն էր «Ռուսական գրքի տուն» կենտրոնի բարեկամ, ռուսաստանցի հայ գործարար Մհեր Ավետիսյանը:
Համերգի ընթացքում հնչեցին ռուսական, հայկական հոգեւոր ու ժողովրդական երգեր, Կոմիտասի ու Եկմալյանի մշակումներից, 20-րդ դարի կոմպոզիտորների խմբերգեր, հատվածներ եվրոպական հեղինակների մեծածավալ ստեղծագործություններից:
Ուշագրավ է, որ աշխարհահռչակ երգչախումբը համերգից առաջ ելույթ էր ունեցել «Զինվորի տուն» կենտրոնում, որտեղ վերականգնողական բուժում են ստանում պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին