Երկնքի ուխտավոր դարձած Նարեկի գիրքը

Երկնքի ուխտավոր դարձած Նարեկի գիրքը

Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնի օրը տեղի ունեցավ 44- օրյա պատերազմում նահատակված Նարեկ սարկավագ Պետրոսյանի «Ուխտավորի ուղեցույց» գրքի շնորհանդեսը։ 
 
Գրքի տպագրությունն ու շնորհանդեսն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նախաձեռնել էր Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը։ 
 
Շնորհանդեսն անցկացվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում` հոգեւոր տեսուչ հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի սիրահոժար համաձայնությամբ։
 
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության սպասավոր Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը, Նարեկ Սարկավագի կինը` Մարիամ Բզնունին, ընկերներն ու համայնքի անդամները։ Մինչ շնորհանդեսը Սուրբ Աննա եկեղեցում Տեր Զենոն եւ Տեր Վարազդատ քահանաները Հոգեհանգստյան կարգ կատարեցին՝ ի հիշատակ նահատակների ու Նարեկ սարկավագ Պետրոսյանի։ 
 
ՀԵՀԵՄ-ի գրասենյակում Տեր Զենոնի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։ Ապա տեր հայրը ներկայացրեց գիրքն ու խոսեց երկնային ուխտավոր դարձած իր հոգեւոր եղբայր Նարեկ սարկավագի մասին։ 
 
Գրքում Նարեկ սարկավագի ու իր տիկնոջ աշխատասիրությամբ հավաքվել են հոգեւոր ու հայրենասիրական այնպիսի երգեր, որոնք սիրելի ու կարեւոր են ուխտավորների համար:
 
«Գիրքը տպագրվել է մեր եկեղեցու ծխական խորհրդի անդամ, ջրօրհնյաց խաչքավոր տիար Տիգրան Հակոբյանի մեկենասությամբ։ Նա, լսելով, որ գրքի հեղինակը Նարեկ սարկավագն է, առանց վայրկյան իսկ մտածելու` սիրով տվեց իր համաձայնությունը։ 
 
Մենք էլ այս գիրքը սիրով պատրաստել ենք ուխտավորների համար, որ իրենք էլ իրենց աղոթքներում հիշեն Նարեկին, ով իր կյանքը տվեց առանց խնայելու։ Ես նրան տեսել եմ պատերազմի ժամանակ Քրիստոսով մարտնչելու, Քրիստոսով մաքառելու եւ Քրիստոսով պայքարելու կերպարի մեջ։ Տեսել եմ, թե ինչպես էր նա, աղոթք մրմնջալով, հասնում առաջնագիծ, ինչպես էր կրակոցների տակ սնունդ պատրաստում զինվորների համար։ Նա սարկավագ էր, ով իր անձն ամբողջությամբ նվիրեց մեր Եկեղեցուն ու մեր Հայրենիքին։ Թող Տերն իր բազում գործերի ու նվիրումի համար նրան արժանացնի Երկնային արքայությանը»։
 
Ապա Նարեկ սարկավագի մասին խոսեց նրա ընկերն ու կնքհայրը` Տեր Վարազդատը, ում հետ երկար ժամանակ ծառայել են Հայոց բանակի հոգեւոր առաջնորդությունում, միասին եղել են զինվորի կողքին թե՛ խաղաղ ժամանակ, թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմների ընթացքում, միասին հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ։ 
 
«Ինձ համար, ինչպես այստեղ հավաքվածների, նրա բազմաթիվ ընկերների ու իրեն ճանաչողներից շատերի համար, Նարեկի մասին անցյալով խոսելը շատ դժվար է։ Նա ներկա է, այսօր էլ մեզ հետ է, եւ իր ներկայությունը մենք զգում ենք մեր կյանքում։ Նրա խոսքերն ենք մեջբերում, նրա արածներն ենք հիշում անընդհատ։ 
 
Նարեկն ասում էր, որ մարդու կյանքը ուխտավորի կյանք է։ Ինքն էլ այդպես ապրեց։ Մարդու կյանքը չեն արժեւորում շատ կամ քիչ ապրելու հնարավորությամբ։ Նարեկն ապրեց ընդամենը 33 տարի, բայց նրա ողջ կյանքն իմաստավորված էր. կյանքն ամբողջությամբ նվիրեց Քրիստոսին իր ծառայությունը բերելով։ 
 
Պատերազմի օրերին միշտ ասում էր. «Եթե առաջնագծում, Մարտունիում, Մատաղիսում այնքան վտանգավոր է, որքան դուք եք ասում, եթե մեր զինվորն այնտեղ է, ուրեմն մենք` հոգեւորականներս իրավունք չունեք խուսափելու այդ վտանգավոր վայրերից, պետք է նրանց կողքին ու նրանց հետ լինենք»»։ 
 
Գրքի տպագրությունը շատ կարեւոր էր Նարեկ սարկավագի տիկնոջ` Մարիամ Բզնունու համար։ Միասին էին աշխատել, հավաքել նյութերը։ Ու հիմա այս գրքի ծնունդը շատ ավելի արժեքավոր է դարձել իր համար։
 
«Նարեկի հետ ծանոթացել ենք ուխտագնացության ճանապարհին։ Նա շատ էր սիրում ուխտերի գնալ։ Գնալիս միշտ աղոթք էինք անում, շարականներ էինք երգում, իսկ վերադարձին` ազգագրական, հայրենասիրական երգեր։ Հաճախ ինքը սկսում էր, հետո բոլորը կրկնում էին։ Կազմակերպում էր թե՛ եկեղեցու հավատացյալ համայնքի, թե՛ իր զինվորների համար։ Իրենց զորամասում չկար մի զինվոր, մի սպա, ում նա իր ուշադրությունից, հոգատարությունից բաժին չհաներ»։ 
 
Շնորհանդեսին հավաքված ընկերները մեծ ափսոսանքով էին խոսում Նարեկի մասին. հազար ու մի ծրագիր, հազար ու մի երազանք ուներ, որոնք կիսատ մնացին ու, թերեւս, հիմա ամեն մեկն իր ուժերի ներածին չափով պիտի փորձի դրանք կյանքի կոչել։ 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2021-12-26
×