Նավասարդ Սրբազանն օծեց Խաչվառ ու խաչեր

Նավասարդ Սրբազանն օծեց Խաչվառ ու խաչեր

Դեկտեմբերի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց թեմի Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցու խաչվառը, սրբապատկերն՝ Ավետման տեսարանով, ու բակում տեղադրված 8 խաչքարերը:
 
Արարողությանը մասնակցում էին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը, Արաբկիրի եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Պարթեւ քահանա Մուրադյանը: Ներկա էին համայնքի հավատացյալ հայորդիներ:
 
Ս. Առաքելոց եկեղեցու բակի խաչքարերը նվիրված են հայոց նահատակների, Արցախյան ազատամարտի, 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների, Ցեղասպանությանը զոհերի հիշատակին: Խաչքարերից երկուսը միահյուսվել են եկեղեցու արտաքին պատերին՝ դառնալուվ գեղեցիկ զարդ փոքրիկ այս եկեղեցու համար:
 
Ավետման տոնի նորաօծ սրբապատկերը եկեղեցուն է նվիրաբերել Գուրգեն Ասիլյանը, իսկ խաչվառը եկեղեցուն է նվիրել համայնքի անդամներից տիկին Հռիփսիմե Ավագյանը։ Եվ' խաչվառի, եւ' սրբապատկերի հեղինակը Լեւոն Զաքյանն է:
 
Օծման արարողությունից հետո Սրբազան հայրը շնորհավորեց համայնքների ներկայացուցիչներին և մաղթեց, որ բակում տեղադրված նորաօծ խաչքարերի, սրբապատկերի ու խաչվառի միջոցով ավելի զորանա նրանց հավատքը, որ ավելի ամուր կանգնեն դեպի Քրիստոս տանող ճանապարհին: Սրբազան հայրը ուրախություն հայտնեց, որ չնայած եկեղեցու փոքր չափերին, համայնքը բավական ամուր է, համախմբված է եկեղեցու ու իրենց հովվի շուրջ:
 
Սրբազան հայրը շնորհավորեց համայքին նաեւ եկեղեցու գավիթի կառուցման առթիվ, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի մեծ թվով հավատացյալների ընդգրկել եկեղեցական արարողություններին ու հատկապես Ս. Պատարագներին: Ինչպես Ս. Առաքելոց եկեղեցին, այնպես էլ գավիթը, սիրահոժար կառուցել են Ավագյան ու Հարությունյան ընտանիքները:
 
Արարատյան Հայրապետական  թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2021-12-23
×