Արարատյան Հայրապետական թեմում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, 2021 թ․ ամռանը մեկնարկել էր Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Դասընթացին մասնակցում էին Երևանի բոլոր համայնքներից ուսուցիչներ, ովքեր արդեն, անցնելով քննությունների փուլը, հավաստագրեր են ստացել և հնարավորություն՝ վարելու դասընթացներ Երևանի Կիրակնօրյա դպրոցներում: Ի դեպ, վերապատրաստման դասընթացի վերջնանպատակներից մեկն էլ հենց դա է՝ բոլոր համայնքներում ունենալ գործող Կիրակնօրյա դպրոցներ, նոր շունչ հաղորդել արդեն գործողներին:
Այժմ մեկնարկել են Կիրակնօրյա դպրոցների հիմնման աշխատանքները բոլոր այն համայնքներում, որոնցում նման դպրոցներ չէին գործում: Այսօր էլ Նուբարաշեն համայնքում տեղի ունեցավ Կիրակնօրյա դպրոցի առաջին դասը:
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը մեր հետ զրույցում նշեց. «Կրակնօրյա դպրոցի բացումից առաջ հայտարարություն տարածեցինք, որ ցանկացողները կարող են գալ ու քրիստոնեկան կրթություն ստանալ: Ու սպասվածի նման, շատ երեխաներ եկան ու գրանցվեցին: Ես վստահ եմ, որ այս դասընթացին մասնակցող երեխաները ավելի կմոտենան եկեղեցուն, կծանոթանան եկեղեցական կյանքին ու հաղորդակից կլինեն այդ ամենին: Եկեղեցին առանց երեխաների չի կարող գործել, որովհետև յուրաքանչյուր եկեղեցի ունի կառույցներ, որոնք կնդանություն են հաղորդում եկեղեցուն»:
Մասնակիցները 28-ից ավելի երեխաներ էին՝ 9-14 տարեկան: Առաջին դասը սկսվեց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի հետ՝ միասնական աղոթքով: Ապա Տեր հայրը բարի երթ ցանկացավ աշակերտներին և նրանց մաղթեց, որ հաստատուն լինեն հավատքի մեջ և դասերին էլ ակտիվություն ցուցաբերեն:
Ապա սկսվեց բուն դասը, որը վարում էր Նարինե Պետրոսյանը: Ոսւոցչուհին մեզ հետ զրույցում անկեղծանում է. «Ես շատ ոգևորվեցի, երբ իմացա, որ Արարատյան Հայրապետական թեմը իրականացնելու է Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Այն լավ հնարավորություն էր, մոտիկից ծանոթանալու հոգևորականներին, լսելու նրանց խոսքն ու հետո այդ գիտելիքներով կիսվելու երեխաների հետ»: