Խաչքարի օրհնություն՝ Վանիկ Մաթևոսյանի հիշատակին

Խաչքարի օրհնություն՝ Վանիկ Մաթևոսյանի հիշատակին

Հոկտեմբերի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օրհնություն: Խաչքարը օրհնվեց Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քհն. Գափոյանի ձեռամբ:
 
Վանիկ Մաթևոսյանը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում: Նա 22 տարեկան էր, կամավորաբար մեկնել է Արցախ՝ հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու: 36 օր Վանիկը գտնվել է պատերազմի դաշտում ու արիաբար պայքարել մինչև նոյեմբերի 6-ը՝ վերջին վայրկյանը, երբ զոհվել է: Ցավոք, նա ընկել է Շուշիի մատույցներում՝ դիպուկահարի կրակոցից:
 
Վանիկի հայրը մեզ հետ զրույցում պատմեց տղայի կյանքից. «Նա իմ միակ զավակն էր ու ես ինքս նրան ճանապարհեցի պատերազմ: Հավատում էի, որ որդիս վերադառնալու է ու շարունակելու է իր կիսատ թողած գործերը: Ցավոք, ամեն բան հակառակը եղավ. նա կիսատ թողեց իր երազանքներն էլ, իմ երազանքներն էլ ու գնաց հավերժի ճանապարհով»: 
 
Ընկերները Վանիկի հորը պատմել են, որ նա մարտի դաշտում քաջություն է դրսևորել՝ փրկելով իր ընկերների կյանքերը: Վանիկը հերոսաբար ջախջախել է թշնամուն՝ չխնայելով իր կյանքը:
 
«Այսօր որդուս համար խաչքար տեղադրվեց եկեղեցու բակում՝ նրա ծննդյան օրվա առթիվ, ու ես հիմա ինձ մի փոքր ավելի հանգիստ եմ զգում: Սերունդները, այստեղ գալով, նրան կհիշեն ու կխոնարհվեն նրա խաչքարի առաջ», -ասում է Վանիկի հայրը՝ Արսեն Մաթևոսյանը: 
 
Նշենք, որ խաչքարի բացմանը ներկա էին Վանիկի ընկերները, հարազատներն ու պարզապես անծանոթներ, ովքեր լսել էին Վանիկի սխրանքների մասին:
 
Եկեղեցին այս օրերին զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքների կողքին է: ԱՀԹ հոգևորականները պարբերաբար կատարում են տնայցեր՝ մխիթարելով ու իրենց զորակցությունը հայտնելով զոհված զինվորների ընտանիքներին:
 
  • 2021-10-29
×