Հոկտեմբերի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումն ու մասնակիցների՝ վկայականների հանձնման արարողությունը։
Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով։
Եռամսյա դասընթացին մասնակցելու համար դիմել էին մոտ 150 հոգի, որոնցից շուրջ 60-ը ծրագրին մասնակցել են առանց բացակայությունների, հանձնել են գրավոր ու բանավոր քննությունները: Նրանից շուրջ 30-ն արդեն կարող են ստանձնել Կիրակնօրյա դպրոցներում դասավանդելու կարեւոր պատասխանատվությունը։
Վերապատրաստման ծրագրում կարևոր էր թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ղեկավար Հասմիկ Նալբանդյանի նվիրումը, ում բազմաթիվ տարիների փորձն ու մասնագիտական հմտությունները եղան ծրագրի կայացման գրավականը։
Մասնակիցների համար էլ ծրագիրը մեծ կարեւորություն ունեցավ։ Նրանցից Արմինե Ավետիսյանը երկու տարի առաջ վերադարձել է Հայաստան։ Ու թեեւ երկար տարիներ Հայ Եկեղեցու եւ հայոց պատմություն է դասավանդել սփյուռքի հայ համայնքում, վերապատրաստման այս ծրագիրը համարում է շատ արժեքավոր։
«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, արժանապատի՛վ քահանա հայրեր, սիրելի՛ ուսուցիչներ, ողջունում ենք բոլորիդ և շնորհավորում այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Ես երկար տարիներ աշխատել եմ Սանկտ Պետերբուրգի կիրակնօրյա դպրոցում, իսկ վերջին 2 տարին Հայ Եկեղեցու պատմություն եմ դասավանդում Երևանի թիվ 182 ավագ դպրոցում։ Անգամ չէի պատկերացնում, թե որքան հաճելի ու ճանաչողական կլինեն այդ հանդիպումները։ Ինչպես Աստվածաշունչը ամեն անգամ ընթերցելիս նորից ու նորից ես բացահայտում քեզ համար սուրբգրային իմաստության խորությունը, այնպես էլ այստեղ բոլոր հոգեւոր զրույցների, դասախոսությունների ժամանակ նորովի էի բացահայտում մեր Եկեղեցին։ Չեմ կարող հատուկ չշեշտել հատկապես երգեցողության դասերը, որոնց ժամանակ այս դահլիճում առանձնահատուկ լույս և սեր կար…
Շատ բնական է, երբ այդ լույսը մենք ստանում ենք Աստծո տանը` Եկեղեցու պատերի ներսում, բայց երբ նման լույս, հայկականություն, վեհ գաղափարներ կարողանում են տալ մեզ նաև այսպիսի հանդիպումները, ուղղակի ուզում ես մարդկայնորեն շնորհակալություն ասել հանդիպումների կազմակերպիչներին։ Իսկապես շնորհակալ ենք, եւ սա համոզված ասում եմ բոլորի անունից․․․ Սրբազան հայր, ի դեմս Ձերդ Սրբազնությանն, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ում շնորհիվ մենք անցանք այս դասընթացը»։
Մասնակիցներից Աննա Անախասյանի համար դասընթացն իր երազանքին հասնելու կարեւոր փուլ է․ «Տիրոջ նախախնամությամբ 2015թ. ընդունվեցի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարան։ Այնտեղ ես գտա Աստծուն, ճանաչեցի մեր Եկեղեցին․․․
Իմ կյանքը հիմնովին փոխեց այս սուրբ հաստատությունը, և ես դեռևս տարիներ առաջ նպատակ դրեցի դառնալ կիրակնօրյա վարժարանի ուսուցչուհի:
Անկեղծ ասած` համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ ընդունվել եմ հենց այդ նպատակով: Բայց, ինչպես տեսնում ենք, երազանքները երբեմն վաղաժամ են իրականանում:
Վստահ եմ` երբ երեխաներին մանկուց պատմում ենք Քրիստոսի մասին, նրանք մեծանում և դառնում են իրապես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ և մեր Հայրենքի համար ազնիվ ու օգտակար մարդիկ»:
Դասընթացի բանախոսներից Տեր Զենոն քահանա Բաղդասարյանն իր խոսքում կարեւորեց երկու հանգամանք. «Նախ ուզում եմ շեշտել կիրակնօրյա դպրոցների կարեւորությունը։ Դա զգացել եմ Կաթողիկե Սուրբ Աստվածածին ու Սուրբ Աննա եկեղեցիների կիրակնօրյա դպրոցի երեխաների հետ շփվելիս, այդ զգացողությունը չի կարող սպառվել, մոռացվել։ Ես տեսել եմ, թե ինչ սիրով են գալիս, ինչ ջերմությամբ են լսում Քրիստոսի մասին, տեսել եմ այդ ուրախությունը նրանց աչքերում, երբ Քրիստոսի մասին նրանք խոսում են իրենց ուսուցչի հետ։
Մյուս հանգամանքը վերապատրաստումն է։ Դրա համար էլ քահանաները շեշտում էին` կարեւոր է, որ ուսուցիչները կարողանան փոխանցել այդ սերը, Քրիստոսի տված լույսը։ Երեխաները կլանում են այն ամենն, ինչ իրենց տալիս ենք։ Ինչ ջերմությամբ ու սիրով տվեցինք նրանց գիտելիքը, նույն սիրով էլ այդ ամենը կմնա իրենց հիշողության մեջ։ Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ` այն սերը, որ դուք ունեք, տարիների ընթացքում ամբարել եք Քրիստոսի ճանապարհի առաքելության մեջ, փոխանցեք երեխաներին, որ այդ սերը մնայուն լինի իրենց հիշողության, իրենց սրտի մեջ` ուր էլ որ լինեն»։
Որակավորման ու մասնակցության վկայականները ուսուցիչներին հանձնելուց հետո Նավասարդ Սրբազանը շնորհավորեց նրանց՝ ծրագիրը հաջողությամբ անցնելու կապակցությամբ։
«Պահն ինձ համար հույժ կարեւոր է, որովհետեւ այս ամենը միտված է մեկ նպատակի` առաքելությանը։ Քրիստոնեությունն ու ազգայինը մենք մեկտեղում ենք` կոչելով առաքելություն։ Ազգային քրիստոնեությունը պետք է լինի այն ուղղությունը, որով ձեր որակավորմամբ, իմացությամբ ու հոգեւոր ներդաշնակությամբ պետք է հաղորդակցվեք 6-14 տարեկան ուստրերի ու դուստրերի հետ։ Սա կազմավորման այն կարեւոր տարիքն է, երբ այդ հոգեւոր ու ազգային սնունդը երեխաների հոգում ու սրտում դաջվելու է պատկերների ու ազդեցիկ խոսքի միջոցով։
Այս գործը ստանձնելով` մեզ նվիրում ենք հայակերտմանը, նվիրում ենք կամավորապես։ Եվ մենք զինվորագրվում ենք մի առաքելության, որ կոչված է կերտելու հայ մանուկին՝ ազգային նկարագրով ու անսասան հավատքով։
Ըստ իս` ազգը էթնոսի ամենաբարձր որակն է։ Եվ այս առաքելությունը, որին մենք լծվում ենք, վերաբերում է հենց էթնոսի որակին։ Հիմա դուք վերաորակավորվել կամ որակավորվել եք եւ գիտելիքը պետք է անձնական օրինակով ու իսկական, անկեղծ սիրով փոխանցեք լսարանին, որ այդ ամենը դառնա օդի պես անհրաժեշտ կենսական պայման։
Ինչպիսի՞ն պիտի լինի հայը։ Եթե հայը Ոսկեդարկան ժառանգության հաղորդակիցը չէ, դրա վերարթնացման մարտիկը չէ, ուրեմն Հայրենիքը նրա համար տեսական հասկացություն է, այլ ոչ թե` ապրում ու գիտակցում։
Աշխարհի այս թոհուբոհի մեջ, երբ մարդիկ սեփական հոգին լցնում են ավելորդ տեղեկատվությամբ, հեշտությամբ կարող են մոլորվել, շեղվել, սխալվել։ Եւ այդ պատճառով իրենց «այգու» ծառը կարող է չորանալ։ Հայը Հայաստանում չորանա... Ուստի հայակերտումը պետք է լինի առանցքը մեր առաքելության` հիմնված Ոսկեդարյան ժառանգության վրա։ Գիտատեխնիկական համաշխարհային առաջընթացին համաքայլ պիտի մնանք, բայց հոգեւոր, իմացական ու բարոյական տարողությամբ ազգային քրիստոնյա անձիք պետք է դաստիարակենք։
Ես այսպիսին եմ տեսնում ձեր առաքելության, ծառայության նպատակը։
Մենք չենք կարող տարանջատել քրիստոնեությունը ազգայինից։ Դա հայի տեսակն է` շինարար, բանվոր, ճարտարապետ, քաղաքական, հասարական գործիչ, ազգային կերտվածք պետք է ունենա։ Ու այդպիսին ընկալելի կլինի աշխարհի համար։
Ես շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, դասախոսներին, ովքեր ջանք են թափել, որ այս վերապատրաստումը հաջողությամբ պսակվի։ Թող պտղավորվի ձեր առաքելությունը հանուն մեր Եկեղեցու ու մեր Հայրենիքի»։
Միջոցառման ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին