Խաչքարի օրհնություն՝ Նորագավիթ վարչական շրջանում

Խաչքարի օրհնություն՝ Նորագավիթ վարչական շրջանում

Հոկտեմբերի 3-ին, Երևանի Նորագավիթ թաղամասի 13-րդ փողոցում տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշաղբյուր-խաչքարի օրհնությունը և բացման արարողությունը:  Այն նվիրված է 7 հերոսներին՝ 19-ամյա Հայկ Թունյանի, 20-ամյա Սամվել Անտոնյանի, 31-ամյա Արթուր Խաչատրյանի, 48-ամյա Արմեն Զոհրաբյանի, 18-ամյա Էդգար Աղաբաբյանի, 22-ամյա Գոռ Հովակիմյանի և 19-ամյա Սեյրան Պետրոսյանի հիշատակին:
 
Խաչքարի բացմանը հաջորդեց օրհնության կարգը՝ ձեռամբ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի: Տեր հայրը հանդես եկավ նաև օրհնության խոսքով:
 
Բացման արարողությանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Ալբերտ Հայրապետյանն ու Հովսեփ Գևորգյանը: Ներկա էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, 7 հերոս զինվորների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 1-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հարազատներ ու մասնակիցներ, համայնքի բնակիչներ:
 
Արարողությանը հաջորդեցին ազգային երգերի կենդանի կատարումներ՝ նվիրված հայ զինվորներին:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2021-10-04
×