Խաչքարի օրհնություն Արաբկիր համայքում

Խաչքարի օրհնություն Արաբկիր համայքում

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Արաբկիր համայնքի Վահագն Դավթյանի անվան այգում կատարվեց Արցախյան հերոսամարտի բոլոր ժամանակների զոհերին նվիրված խաչքարի օրհնություն: Արարողությանը ներկա էին Երևանու ավագանու անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, մտավորականներ, զոհված զինծառայողների հարազատներ, համայնքի բնակիչներ: Արարողության սկիզբն ազդարարվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց խաչքարի օրհնության կարգը՝  Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի ձեռամբ: 
 
Արարողությունից հետո Տեր հայրը հանդես եկավ նաև օրհնության խոսքով. «Այս պահին օրհնվեց այս խաչքարը, որի առաջ մենք մեր խոնարհումն ենք բերում՝ մեր քաջ հերոսներին: Կրկին անգամ մեր պատմությունը ցույց տվեց, որ մենք մեր հերոսների արյամբ նորից վաստակեցին ապրելու իրավունք: Մենք շնորհակալ ենք նրանց այն սխրագործությունների համար, որի ականատեսն ենք եղել: Նրանք մեզ պարտավորեցնում են, որ շարունակենք իրենց թողած կիսատ գործը: Այս տղաները դարձան սուրբ մարտիրոսներ, ու այդ խորհուրդն ամփոփվում է այս խաչքարի մեջ: 
 
Այս խաչքարով մենք տեսնում ենք մեր արժեքները, հավատքը և մեր սրբությունները: Նրանք հանուն հայրենիքի  մարտիրոսացան, բայց պաշտպանեցին մեզ ու այլևս՝ Աստծո աջակողմյան դասին դասվելով, շարունակում են իրենց պահպանությունը երկնքից: Խոնարհվում ենք նրանց շիրիմների առաջ, նրանց մայրերի առաջ և աղոթում ենք Աստծուն, որ մեզ ամենքիս ապրեցնի այնպես, որ կարողանանք արժանապատիվ շարունակել նրանց գործը» : 
 
Խոսքով հանդես եկավ նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ մասնավորապես ասելով.  «Փա՛ռք հերոսներին, փա՛ռք անմահացած հայորդիներին, փա՛ռք բոլոր ժամանակներում մեր հայրենիքի պաշտպանության նվիրական գործի համար իրենց ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերած մեր լավագույն հայորդիներին:
 
Այս խաչքարն ունի նախապատմություն: Այն պատրաստ էր և կանգնելու էր դեռևս Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր տեղադրվել: Ստացվեց այնպես, որ խաչքարն այսօր կանգնեցվեց քառօրյա պատերազմի, 44-օրյա պատերազմի և, ընդհանրապես, բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի անմահացած արաբկիրցիների համար:  Այսուհետ պիտի մեր կյանքն ավելի պատասխանատու ապրենք՝ այն ծառայեցնելով մեր հայրենիքին»:
 
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանն իր խոսքում ասաց. «1992 թվականին ծնված տղաներիս կես տարի անց եմ տեսել: Երազում էի, որ պատերազմն ավարտվի ու մեր տղաներն այլևս պատերազմ չգնան: Սակայն արի ու տես, որ իմ որդին 44-օրյա պատերազմին մասնակցեց:  Լինե՛նք ողջախոհ, որպեսզի նույն շրջապտույտի մեջ չհայտնվենք, միշտ պատրաստ լինենք: Մենք դատապարտված ենք պատրաստ լինելու՝ ուժեղ բանակի, ուժեղ պետության»:
 
Մեկ րոպե լռությամբ հարգելով բոլոր նահատակների հիշատակը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի առաջ:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
  • 2021-09-29
×