Ամիսներ առաջ՝ ապրիլի 20-ին, Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկել էր Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում էր թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Դասընթացը մեկնարկել և անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում՝ վերապատրաստելով մասնակիցներին դասավանդելու Կիրակնօրյա դպրոցներում:
Դասընթացին մասնակցելու հայտ էին ներկայացրել ոչ միայն Երևանի եկեղեցիներին կից Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ, այլ նաև հանրակրթական դպրոցներում հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները: Նախնական հայտ էին ներկայացրել 150 մասնագետներ, սակայն նրանցից վերապատրաստմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել մոտ 50 հոգին: Որպես դասախոսներ ընդգրկված են եղել Երևանի եկեղեցիների հոգևորականներ, ովքեր հետագայում աշխատելու են ուսուցիչների հետ:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀԱԹ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ դասընթացի մասնակիցների թեստավորումը: Այն սկսվեց Տերունական աղոթքով՝ եկեղեցու խորհրդակատար Տեր Արարատ քահանա Օրդոյանի հետ: Ապա ուսուցիչներն անցան գործի՝ շարադրանքների միջոցով պատասխանելով նախապես կազմված հարցաշարին:
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքից Անուշ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշում է. «Մոտ 100 հարց կազմող հարցաշարին նախապես ծանոթացել ենք, պատրաստվել: Դրանցից 22 հարցին պիտի այժմ պատասխանենք՝ ազատ շարադրանքի տեսքով,սակայն հարցերը բարդ չեն, եթե պատրաստված ես»:
Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու Կիրակնօրյա դպրոցից Նարե Շարմազանովան էլ ասում է. «Գործող ուսուցիչներիս ևս ԱՀԹ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացները շատ օգնեցին: Իհարկե, մենք եկեղեցու համայնքում էինք, Ս. Պատարագների, հոգևոր զրույցների ընթացքում ամենից տեղեկանում էինք, սակայն նման հոգևորականների, մասնագետների հետ հանդիպելով՝ շատ ավելի խորապես ես սկսում ծանոթանալ աստվածաշնչյան յուրաքանչյուր դրվագի ու հարցի»:
Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու համայնքից Հարությունյան Ստելլան վերջերս է մայրացել, սակայն կարգավիճակը չի խանգարել նրան չբացակայել դասընթացից. «Երբ առաջին օրը եկա վերապատրաստման դասերին և տեսա Կիրակնօրյա դպրոցի իմ ուսուցիչներին, մտածելու տեղիք տվեց: Եթե նրանք, այդքան տարիների փորձով, դեռ պատրաստ են սովորել, ես հաստատ պիտի սովորեի: Այդպես մենք մշտապես պիտի պատրաստ լինենք սովորելու ու վերապատրաստվելու»:
Հաջորդն արդեն հարցազրույցի փուլն է: Երկու փուլերը հաղթահարած ուսուցիչները կստանան հավաստագրեր և հնարավորություն՝ դասավանդելու ԱՀԹ Կիրակնօրյա դպրոցներում:
« Երբ Հայ եկեղեցու պատմություն առարկայի գոյությունը դպրոցներում վտանգվեց, ավելի մեծ ուժով ձեռնամուխ եղանք Կիրակնօրյա դպրոցների զարգացման գործին՝ ներգրավելով նվիրյալ ուսուցիչների, ովքեր պատրաստ էին օգնել մեզ այս կարևոր գործում: Կիրակնօրյա դպրոցներում, ինչպես գիտենք, կրթությունը ոչ միայն կրոնական է, այլև ազգային: Այստեղ դաստիարակվում են իսկական հայ քրիստոնյաներ: Տա Աստված, որ Կիրակնօրյա դպրոցների աշակերտներն այնքան շատ լինեն, որ ուսուցիչների թիվը չբավականացնի»,- մեզ հետ զրույցում ասում է ԱՀԹ ՔԴԿ պատասխանատու Հասմիկ Նալբանդյանը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին