Այսօր՝ Սեպտեմբերի 25-ին, Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվեց Մարաշի վերածնության՝ արդեն ավանդական դարձած տոնը: Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի խոսքով՝ ամեն տարի նույն խանդավառությամբ է եկեղեցին նշում Մարաշի տոնը, ու ամեն տարի այն ավելի մեծ տարածում է գտնում։
Ս․ Պատարագից անմիջապես հետո, Մարաշի նահատակներին նվիրված խաչքարի մոտ նախ կատարվեց Մարաշի զոհերի հոգեհանգստյան կարգ, որին արդեն հաջորդեց միջոցառման գեղարվեստական մասը:
Նորք-Մարաշի համայնքապետարանի կողմից այս տարի ևս եկեղեցու բակում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Նոր Նորք, Աջափնյակ, Դավթաշեն համայնքների մշակույթի տների սաները։
Նշենք, որ այս տարի Մարաշի վերածնության օրվան նվիրված միջոցառումը կրում էր «Սրտումս Նորք-Մարաշ» խորագիրը։ Միջոցառման ըթացքում, ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու, եկեղեցուն կից նկարչական խմբակի տաղանդավոր երեխաների աշխատանքները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին