Այսօր Ս․ Գևոր զորավարի տոնն է

Այսօր Ս․ Գևոր զորավարի տոնն է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 25- ին նշում է Ս․ Գևորգ զորավարի տոնը։ Այս առթիվ Ս․Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում։ 
 
Տոնի առթիվ Ն. Ս. Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ  ԱՀԹ Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի բերվեց սրբի աջը ու Ս. Պատարագի ողջ ընթացքում այն դրված մնաց Ս. Խորանին: 
 
Ս․ Գևոր եկեղեցում այսօր պատարագիչը Դիլիջանի հոգևոր հովիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանն էր:
 
 «Ս․ Գևորգի մասին խոսելիս՝ պետք է միշտ հիշենք իր խիզախ լինելը․ մարդն Աստծուն սիրելով վախ չունի։ Ցավոք,  այսօրվա մարտահրավերները շատ տարբեր են նախորդ դարերի մարտահրավերներից։ Ու կարծես թե  21-րդ դարում ամեն բան արվում է, որպեսզի մարդը կորցնի իր Աստծուն, հեռանա իր հավատքից։ Այս դարաշրջանի մարդը հավերժ փնտրտուքի մեջ է, չնայած, որ եկեղեցին կա ու նրանց կողքին է՝ իր սրբերի բարեխոսություններով հանդերձ։ Փորձենք, սրբերի օրինակով մենք նույնպես լցվենք հավատով, խիզախությամբ ու չվախենանք այն մարտահրավերներից, որ աշխարհն է մեզ նետում» ,–մեզ հետ զրույցում ասաց Տեր Ղուկաս քահանա Բալայանը։
 
Գայանե Հակոբյանը, ով ՔԴԿ-ի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի է, այսօր մեծ ուրախությամբ իր աշակերտների հետ միասին շտապել էր եկեղեցի՝  սրբի բարեխոսությանը արժանանալու ու նրանց ևս մեկ անգամ Ս․ Գևորգ զորավարի մասին պատմելու․ «Հպվելով այս մեծագույն սրբի մասունքին՝ մեծ զորություն ու բժշկություն ենք ստանում։ Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ հպվելով այդ սուրբ մասունքին բժշկվել են, զավակներ ունեցել և հետագայում նրանց կոչել Գևորգ՝ ի պատիվ Սրբի։ Ես շատ կուզեի, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այցելում են եկեղեցի, իսկապես ունենային Ս․ Գևորգի վարքից օրինակներ իրենց համար։ Մաղթում եմ, որ հայ ազգը  այս մեծ սրբի բարեխոսությամբ դարձի գա և հարատևի իր հավատքի մեջ»։ 
 
Հավարտ Ս․ Պատարագի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանը Ս․ Գևորգի աջով օրհնեց ներկաներին, իսկ արդեն Պատարագից հետո, հավատավոր ժողովրդին բաժանվեց մատաղ։
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2021-09-25
×