Սեպտեմբերի 23-ին, «Արև-Երեխաներ» Երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի շրջանակում կազմավորված և գործող «Արևային զանգակներ» խումբն այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: «Արևային զանգակներ» խմբի գեղարվեստական ղեկավարը և երաժշտական թերապիստը Մանուշ Հարությունյանն է, խմբի կազմում դաունի համախտանիշ ունեցողներն են:
«Արդեն երկու տարի է, ինչ աշխատում եմ «Արև-երեխաներ» ՀԿ- ի հետ: Այս ամբողջ ընթացքում, կհավատաք, թե ոչ, բայց դժվարություններ չեմ ունեցել, ամեն բան նրանց հետ այնքան հեշտ ու հանգիստ է ստացվում, որ երբեմն ապշում եմ: Ավելին ասեմ, երբ գործիքները ստացանք և սկսեցինք ակտիվ պարապունքները, այդ ընթացքում հասկացանք, թե որքան տաղանդավոր երեխաներ կան, որոնց հետ աշխատելը մեծագույն հաճույք է պարզապես: Կարող ենք ասել, որ աշխատանքի ընթացքում շատ տաղանդներ ու կարողություններ բացահայտվեցին»,-պատմում է խմբի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանը:
Թանգարան-ինստիտուտում խմբի անդամները և նրանց ծնողները նախ շրջայց կատարեցին, ծանոթացան Կոմիտաս վարդապետի կյանքին ու գործունեությանը: Ապա թանգարան-ինստիտուտի բակում «Արևային զանգակներ» խումբը զանգակներով հնչեցրեց Կոմիտասի աշխարհիկ ստեղծագործություններից՝ «Կոմիտաս շարան», «Էս առուն», «Անձրև եկավ», «Երկինքն ամպել ա», « Շողեր ջան», «Կաքավիկ»:
Խմբի կազմում ընդգրկվելը երաժշտական թերապիա է, այն էլ ոչ թե պասիվ՝ ունկնդրի, այլ ակտիվ՝ կատարողի կարգավիճակում: Այս մասին գեղարվեստական ղեկավարը նշում է. «Երաժշտական թերապիային երեխաները շատ ակտիվ կերպով են մասնակցում՝ չնայած, որ երաժշտական ոչ մի կրթություն չունեն: Ամենակարևորն այն է, որ այս ամբողջ ընթացքում նրանց մոտ զարգանում է էմոցիոնալ ինտելեկտը, որը շատ կարևոր է: Այս երաժշտական կատարումների միջոցով նրանք կարողանում են ոչ միայն իրենց զգացմունքները հասկանալ, այլ նաև այն արտահայտել: Խմբի երգացանկում հոգևոր և աշխարհիկ երգեր են, հիմնական մասը հատկացված է Կոմիտասին»:
Ապագայի պլաններում խումբը հույս ունի անցկացնել երաժշտական թերապիաներ՝ ավելի փոքրերի համար: Մանուշ Հարությունյանը ապագայում կայանալիք ծրագրերից մեկի փակագծերն է բացում. «Ցանկանում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել, ու մեր ուրախությունը կիսել նաև մնացածների հետ. Հոկտեմբերի 4-ին խումբը ելույթ է ունենալու Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում՝ «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ փառատոնում, որին հատուկ ելույթ ունենալու հրավեր ենք ստացել»: