Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ռեժիսոր Գեւորգ Մխիթարյանի «Խաչով ու սրով» ֆիլմի պրեմիերան:
Կարճամետրաժ վավերագրական ֆիլմը 2020-ի աշնան արցախյան պատերազմի մասին է եւ զերծ է քաղաքական կոնտեքստից:
Ֆիլմն ունի հոգեւոր շեշտադրում, փորձում է Աստծո ու հավատքի պրիզմայով նայել կատարվածին, գտնել լուսավոր այն կետերը, որոնք կարող են օգնել ոտքի կանգնել, ճիշտ գնահատել մեր ընթացքը։
Ռեժիսորը փորձել է ցույց տալ, թե որքան կարեւոր է ստանձնել պատասխանատվություն եւ' պատերազմի դաշտում, եւ' թիկունքում, եւ' զինվորի, եւ' հոգեւորականի, եւ' բժշկի համար։
«Խաչով ու սրով» ֆիլմը պայմանականորեն բաժանված է ժամանակագրական երեք մասերի: Առաջինը պատմում է դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել հենց պատերազմական գործողությունների ժամանակ, հիմնված են այդ գործողություններին մասնակցած մարդկանց անձնական փորձի վրա:
Երկրորդ մասը մեր օրերի արտացոլումն է եւ հետպատերազմական ճգնաժամերը՝ համընդհանուր հոգեւոր անկման պրիզմայում, անդառնալի կորուստների ու հուսահատության ֆոնին:
Երրորդ մասն անդրադարձ է ամենակարեւոր հարցին՝ ի՞նչ անել: Հերոսները փորձում են գտնել սխալները՝ վերլուծելով անցյալը, որպեսզի հնարավոր լինի ապագայի համար խուսափել նոր ցնցումներից:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղի ունեցածի հոգեւոր կողմի վրա:
«Խաչով ու սրով» ֆիլմը նպատակ ունի հուսահատության ու անորոշության մեջ հայտնված մարդկանց օգնել գտնել ճանապարհը, հաղթահարել ստեղծված իրավիճակը:
Ֆիլմում օգտագործվել են կադրեր առաջնագծից, որոնք տրամադրել է ՀՀ ՊՆ-ն: