Սուրբ Խաչ մատուռի օրհնության կարգ

Սուրբ Խաչ մատուռի օրհնության կարգ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում՝ Մոլդովական 2/3 հասցեում կատարվեց նորակառույց մատուռի օրհնության, խաչքարի և գմբեթի խաչի օծման կարգ: Կարգը կատարվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ: Մատուռը անվանակոչվեց Սուրբ Խաչ:
 
Մատուռը կառուցվել է Արսեն Ավետիսյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Ինչպես Ա․ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, մատուռը, ինչպես նաև կողքին տեղադրված խաչքարը, նվիրված են նրա հայրիկի հիշատակին:
 
«Մատուռները, եկեղեցիներն ու վանքերն Աստծո տունն են, որտեղ մարդ արարածն առանձնանում է և իր աղոթքն է բարձրացնում առ Աստված: Մատուռը սրբատեղի է, հանգրվան: Հիշողությունը, որի հիմքերի վրա կառուցվել է այս մատուռը, մարդու մեջ դրված մի փոքրիկ բջիջ է, որը հիշեցնում է, որ մարդ աստվածաստեղծ էակ է»,- մեզ հետ զրույցում նշեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
Մատուռի օրհնությունից, խաչքարի և գմբեթի խաչի օծումից հետո ներկաները հնարավորություն ունեցան մասնակիցը դառնալու փոքրիկ հոգևոր համերգի, որտեղ դիտեցին «Բերդ» պարային անսամբլի բեմադրությունները (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Գևորգյան), ունկնդրեցին ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի հոգևոր կատարումները:
 
Միջոցառման ավարտին մատուցվեց մատաղ:
 
Արարատյան Հայրաետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2021-08-01
×