Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը շարունակվում է
Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը շարունակվում է
Այս օրերին Արարատյան Հայրապետական թեմում շարունակվում է Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը, որն իրականացվում է թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Դասընթացը մեկնարկել է ապրիլի 20-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Դասընթացներին մասնակցելու հայտ են ներկայացրել ոչ միայն Երևանի եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներ, այլ նաև հանրակրթական դպրոցներում հումանիտար առարկաներ դասավանդող ուսուցիչները:
Արարատյան Հայրապետական թեմի ՔԴԿ պատասխանատու Հասմիկ Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշում է. «Դասընթացին մասնակցության նախնական հայտ ներկայացրած 150 մասնակիցներից այսօր մնացել են մոտավորապես 50 հոգին: Նրանք այն մարդիկ են, ովքեր իսկապես նվիրված են իրենց աշխատանքին, ովքեր առաջին մի քանի դասախոսություններից հասկացել են առարկաների խորքային ուսուցումը»:
Որպես դասախոսներ ընդգրկված են ենք Երևանի եկեղեցիների հոգևորականներ, ովքեր հետագայում աշխատելու են այս ուսուցիչների հետ՝ վերահսկելով նրանց աշխատանքը: Հասմիկ Նալբանդյանի խոսքով՝ առաջիկայում վերապատրաստումն անցնող ուսուցիչներին սպասվում են լուրջ եկեղեցագիտական-աստվածաբանական նյութեր, որոնք միտված են լրացնելու մասնակիցների իմացական մակարդակը:
Ավարտելով այս դասընթացը՝ մասնակիցները հանձնելու են քննություն այն թեմաներով, որոնք դասավանդվել են: Դասընթացն ավարտելուց հետո, ինչպես նշում է Հասմիկ Նալբանդյանը, ուսուցիչների համար փորձաշրջան կնշանակվի, ինչից հետո նրանք հնարավորություն կունենան ընդգրկվելու թեմական ծրագրերում:
«Քանի որ այս պահին Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցների մեծ մասում վտանգված է կամ հանված, եկեղեցին պետք է կրկնապատկի իր ուժերը՝ երեխաներին ավելի շատ ներգրավելու եկեղեցական կյանքի մեջ: Այսուհետ երեխաների կրթությունը եկեղեցուն կից պետք է լինի ոչ միայն կրոնական, այլ նաև ազգային դաստիարակությամբ»,- եզրափակելով խոսքն՝ ասում է ԱՀԹ ՔԴԿ պատասխանատու Հասմիկ Նալբանդյանը: