«Գերիների և անհետ կորածների համար ուխտագնացությունը շարուանակական է լինելու»,- Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան
Մայիսի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մայրաքաղաք Երևանից և մարզերից անհետ կորած և գերեվարված զինծառայողների մի շարք ընտանիքներ ուխտագնացության մեկնեցին Լոռու մարզի երկու սրբավայրեր՝ Հաղպատի վանք և Սանահինի վանական համալիր։ Հաղպատի վանքում Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը մատուցեց Սուրբ Պատարագ, իսկ արդեն Սանահինի վանքում մասնակցեցին Երեկոյան ժամերգության և միասնական աղոթք բարձրացրին գերության մեջ գտնվող և անհետ կորած մեր զինվորների համար։
Տեր հայրը մեզ հետ զրույցում նշեց․ «Ես տեսնում եմ՝ ուխտագնացությունները և աղոթքները որքան կարևոր են այս ընտանիքների համար։ Նրանք սարսափելի ծանր ճանապարհ են անցնում և այս պահին նրանց աղոթական վիճակի մեջ պահելը և Աստծո խոսքին հաղորդակից դարձնելը շատ կարևոր է։ Ուխտագնացությունների ընթացքում զոհված, գերևարված ու անհետ կորած զինվորների ընտանիքները հոգևոր մխիթարություն են գտնում և զորանում հավատքի մեջ։ Կարծում եմ, սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել նրանց համար։ Ցավոք, դեռ շատ ծնողներ կան, որ հույսով սպասում են իրենց զավակների վերադարձին և նման պահերին շատ կարևոր է հոգևորականի ներկայությունը այս ընտանիքների կյանքում։ Մենք փորձում ենք Ավետարանի խոսքին համահունչ հուսադրել և բացատրել, որ իրենք միայնակ չեն և իրենց աղոթքները հասնում են Տիրոջը»։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին