Մարտի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» նախագծի երկրորդ բանախոսություն-քննարկումը` «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ» խորագրով:
Բանախոսը «Բանակցության երևանյան կենտրոնի» տնօրեն Ստեփան Խզրթյանն էր:Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, «Ծիրանի» ԿՀ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատվածներ հայ բանահյուսության տարբեր պատմվածքներից` «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղր», «Մկների ժողով» և «Ոսկե ցլիկը» ֆիլմից` վերհանելով դրանցում առկա հարաբերություները: Այդ օրինակները դիտարկվեցին որպես հայ բանակցային մշակույթի խտացված դրսևորումներ և ներկաների մասնակցությամբ դուրս բերվեցին դրանցում առկա դասերն ու հետևությունները:
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր գոհունակությունը հայտնեց հանդիպման բանախոսին ու կազմակերպիչներին` նշելով, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդների համար և մասնավորապես ասաց. «Խոսեցիք բանահյուսության մեջ հայտնի օրինակներից, սակայն այսօրվա նյութին պետք է մեր պատմությունից մի օրինակ հավելենք, որ բանակցային հաջող ելք է ունեցել: Արաբական գերիշխանության տարիներին ստորացուցիչ հարկեր ու կեսական պայմաններ էին պարտադրվում, օրինակ` արգելվում էր ջուր խմել այն աղբյուրից, որից արաբներն էին օգտվում, հարկ էր գանձվում այն ընտանիքից, ում տանը արաբը հաց էր կերել և ատամն էր մաշել: Միակ մարդը, որ կարողացավ բանակցություն վարել և միայն Հայաստանի համար լուծել հարկերից ու ստորացուցիչ պայմաններից ազատագրման հարցը, Ս. Հովհան Օձնեցին էր: Սուրբ Հայրապետը փառաշուք զգեստներ հագած և ոսկու փոշի վրան շաղ տված գնաց Օմար խալիֆի մոտ: Նրան ներկայացրեց այն տառապանքը, որին ենթարկվում էր հայ ժողովուրդը: Խալիֆը թերահավատություն հայտնեց, թե Հայրապետի հագուստից ու զարդարանքից չի զգում այն տառապանքը, որ կրում է Սուրբը որպես առաջնորդ: Եվ այդ ժամ Հայրապետը հանեց իր թանկարժեք հագուստը, որի տակ խուրձ էր, ինչը հանապազ տանջում էր մարմինը: Տեսնելով այդ` խալիֆը պատկառանքով լցվեց հայոց Հայրապետի նկատմամբ ու հանդիպումից հետո վերանայեց թե´ հարկերը, թե´ օրենքները: Եվ հայ ժողովուրդը հնարավորթյուն ունեցավ հանգիստ շունչ քաշելու: Սա իրական օրինակ է, երբ հաշվի առնելով բոլոր հանգամանքները` արտաքին պատշաճությունն ու ներքին` հագևոր կյանքի ապրումները, բանակցությունն ունեցավ կենսական նշանակություն ու հաջող ելք»:
«Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» մշակութային հանգույցի համատեղ ծրագիրն է, որի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձևավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիմք կդառանա հայ երիտասարդի համար:Նախագծի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակութային գործիչների և հոգևորականների հետ: «Արարատյան քննարկումների» առաջին հանդիպումը նվիրված էր ոսկեղենիկ գրաբարին և դրա իմացության կարևորութանը մեր օրերում:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան