Նավասարդ Սրբազանն օծեց երկու նոր խաչքար

Նավասարդ Սրբազանն օծեց երկու նոր խաչքար

Մայիսի 9-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված երկու նոր խաչքար։ Արարողությանը մասնակցում էր ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան հորը որպես առընթերականեր օգնում էին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Գրիգոր քահանա Գրիգորյանն ու նույն եկեղեցու խորհրդակատար Տ․ Վահան քահանա Առաքելյանը։ Ներկա էին եկեղեցու ծխական խորհրդի ու համայնքի անդամները։ 

 

Առաջին խաչքարը եկեղեցուն էր նվիրաբերել երջանկահիշատակ Սիրանուշ Մկրտչյանը։ Այն Ջուղայի՝ 16-րդ դարի խաչքարերից մեկի կրկնօրինակն է։ Քանդակագործը Վարազդատ Համբարձումյանն է: 

 

Երկրորդ խաչքարը տեղադրվել է բարերար Արամ Ֆրանկյանի կողմից։ Այն նվիրված է Արցախյան գոյամարտում նահատակված քաջարի զինվորներին: Խաչքարը կերտել են Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Վազգեն քահանա Հովհաննիսյանն ու Արամ Բաբայանը:

 

Արարողության ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց  ներկաներին՝ մասնավորաբար ասելով․ «Այսօր երկու խաչքար օծեցինք։ Մայիսի 9-ին ոգեկոչում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների ու զոհվածների հիշատակը և նշում Շուշիի ազատագրման օրը։ Մայիսի 9-ը մեզանում միշտ նշանավորվել է հաղթանակներով։ Սակայն, ցավոք, հիմա այդպես չէ, մասնավորապես՝ Շուշիի հարցում: Բայց մեր պատմության մեջ, մեր սրտի մատյաններում արձանագրված այդ հաղթանակն ընկալում ենք ոչ միայն որպես փաստ, այլ նաև̀ նպատակ։ Մենք երբեք չենք հաշտվելու պարտության ու կորստի հետ, ինչպես չենք հաշտվել դարեր շարունակ։

 

Աղոթում ենք, որ Սուրբ Մյուռոնով օծված այս խաչքարերը դառնան հաղթության առաջնորդող կենդանի խորհուրդ և կյանքի առաքելություն։  

 

Այս տեսլականով մեր հայացքներն ուղղենք նորաօծ խաչքարերին և փառք տանք Աստծուն, Իր հաղթանակած Խաչին̀ ուխտելով լինել խաչյալ Քրիստոսի արժանավոր զավակներն ու Հարության հաղթանակի բաժնեկիցը»:

 

Ապա Սրբազան հայրն, իր օրհնությունը փոխանցելով բարերարներին ու խաչքարի տեղադրման նախաձեռնողներին, Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին։ 

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-05-10
×