Խաչքար և ցայտաղբյուր՝ ի հիշատակ անմահացած հերոսների

Խաչքար և ցայտաղբյուր՝ ի հիշատակ անմահացած հերոսների

Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցավ խաչքարի ու ցայտաղբյուրի բացման արարողություն։ Վերջիններս տեղադրվել են ի հիշատակ արցախյան հերոսամարտում զոհված Դավիթ Արկադիի Ադոյանի (2002-2020թթ․) և կամավորական Ռոբերտ Կարապետի Սարգսյանի (1992-2020 թթ․)։ Երկու հերոսներն ապրում էին հարևանությամբ՝ նույն շենքում, և նրանց զոհվելուց հետո ծնողները, ընկերները, վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ, նախաձեռնեցին խաչքարի և ցայտաղբյուրի տեղադրումը։ 

 

Հերոսներից Սարգսյան Ռոբերտն ամուսնացած էր։ Նա ունի հինգ տարեկան որդի։ Կամավորաբար մեկնել է մարտի դաշտ՝ առանց ընտանիքի անդամներին տեղյակ պահելու։ Մարտերի ընթացքում Ռոբերտ Սարգսյանը փրկել է իր ընկերների կյանքը և հերոսաբար անմահացել։

 

Ադոյան Դավիթը, ով բանակ էր զորակոչվել 2020 թվականին, կռվել է թշնամու վարձկան զորախմբերի դեմ։ Հերոսն իր մարտական ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ, վիրավորվել, իսկ օրեր անց՝ հերոսաբար անմահացել։

 

Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը կատարեց օրհնության կարգ։ Իր խոսքում նա մասնավորապես ասաց․ «Այսօր մենք կանգնած ենք երկու հերոս տղաների հիշատակին նվիրված ցայտաղբյուրի առաջ։ Նրանք իրենց կյանքը տվեցին՝ հանուն բաղձալի խաղաղության։ Մենք ամեն օր աղոթք ենք հղում Աստծուն՝ նրանց անմահ հոգիների խաղաղության համար։ Նրանք մեզ մշտապես սեր են տվել, ու այսօր մենք ենք  նրանց սեր պարտք։ Այդ սերը մենք պետք է վերադարձնենք հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ»։

 

Օրհնության կարգին հաջորդեց գեղարվեստական միջոցառում, որի ընթացքում հանդես եկան հերոս Դավիթ Ադոյանի մայրիկի՝ պատմության ուսուցչուհի Լիլյա Սարգսյանի աշակերտները։ Ավարտին ներկաներն ուղևորվեցին Եռաբլուր պանթեոն՝ այցելելու և հարգանքի տուրք մատուցելու իրենց որդներին և անմահացած բոլոր հերոսներին։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-05-08
×