«Գերիների և անհետ կորածների համար մեր աղոթքներ չեն դադարում». Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան
«Գերիների և անհետ կորածների համար մեր աղոթքներ չեն դադարում». Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան
Մայիսի 2-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մայրաքաղաք Երևանից և մարզերից անհետ կորած և գերեվարված զինծառայողների մի շարք ընտանիքներ ուխտագնացության մեկնեցին Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ: Նրանց առաջնորդում էր Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը: Ուխտագնացության ընթացքն ուղեկցվում էր սաղմոսներով, աղոթքներով ու աստվածաշնչյան ընթերցվածներով: Ուխտագնացության մասին զրուցել ենք Տեր հոր հետ:
- Պատերազմից հետո արդեն որքա՞ն ժամանակ է, որ աշխատանք եք տանում անհետ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների հետ: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
- Պատերազմի ավարտից հետո սկսվեց աշխատանքը անհետ կորած կամ գերեվարված ընտանիքների հետ: Ամեն բան սկսվեց մեր համայնքի՝ գերության մեջ գտնվող ընտանիքների հետ հանդիպումներից, ապա շարունակվեց: Այսօր արդեն մեծացել է մեր ուշադրության առանցքում գտնվող ընտանիքների շրջանակը. աշխատանք է տարվում Հայաստանի գրեթե բոլոր մարզերում նման ընտանիքների հետ:
- Գիտենք, որ արդեն երրորդ անգամ է, որ այս ընտանիքների հետ ուխտագնացության եք մեկնում: Ի՞նչ խորհուրդ եք տեսնում այս ուխտագնացության մեջ, և ինչպե՞ս եք ընտրում ուխտագնացության վայրը:
- Ուխտագնացության վայրերն ընտրում եմ այնպես, որ մարզաբնակ ուխտավորներին ևս հասանելի լինի, և կարողանան մասնակցել: Ուխտագնացության հիմնական նպատակը աղոթքն է և Աստծո զորակցությունը հայցելը գերևարված և անհետ կորած մեր զինվորների համար: Մեր մշտական աղոթքների շնորհիվ է, որ, ինչպես ծնողներն իրենք են ինձ պատմում, գերեվարված տղաները կապ են հաստատել իրենց ընտանիքների հետ: Սա տեղի է ունեցել իմ ու նրանց կատարած առաջին ուխտագնացությունից հետո: Իսկ արդեն երկրորդ ուխտագնացությունից հետո, Ադրբեջանի կողմից հաստատված գերիները տեսաուղերձ ու նամակներ են ուղարկել իրենց ծնողներին: Շատ ընտանիքներ են նամակներ հղում, մոտենում ու ասում, որ համարում են՝ սա իրենց աղոթքների արդյունքն է:
Սակայն մեր ճանապարհը դեռ նոր է սկսվում. գերիների վերադարձի պարագայում պետք է աշխատանք տանենք անձամբ նրանց հետ:
- Այս ուխտագնացությունն ի՞նչ մթնոլորտում անցավ:
- Ողջ ճանապարհին տեղի ունեցան թե՛ հոգևոր զրույցներ, թե՛ աստվածաշնչյան սերտողություններ: Ծնողներին պատմում էի աստվածաշնչյան մի դրվագ՝ Հովսեփի գերության մասին: Նա չկորցրեց իր հավատը, հավատարմությունը Աստծո նկատմամբ, ինչն իր համար դարձավ օրհնություն, և փրկություն՝ իր ընտանիքի համար: Ծնողները, լսելով այս պատմությունը, իրենց որդիներին տեսնում են Հովսեփի, իսկ իրենց՝ նրա ընտանիքի դերում, և փորձում Աստծուն ապավինելով հաղթահարել իրենց պատուհասած այս փորձությունը:
Ուխտագնացությունների սկզբում հիմնականում մարդկանց տեսնում եմ մռայլ ու տխուր, սակայն վերադարձին արդեն նրանց աչքերում նկատվում էր խաղաղություն ու հույս: Նրանցից շատերն ասում էին, որ այս ամիսների ընթացքում ուխտագնացությունները դարձել են իրենց կյանքի ամենալուսավոր պահերը:
- Այս ընտանիքների հետ ինչպիսի՞ աշխատանք պետք է տանի Եկեղեցին:
- Գերեվարվածների մասին արդեն նշեցի, սակայն Եկեղեցու, հոգևորականի աշխատանքն այսքանով չի ավարտվում: Մենք ունենք դեռևս շատ երկար ճանապարհ, որ պիտի միասին անցնեք՝ աղոթքով ու Աստծուն ապավինելով:
Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ ծնողի հետ աշխատանքից հետո է ընտանիքը, գիտակցել և ընդունել իր զավակի զոհված լինելու փաստը, թեև մինչ այդ էլ նրանք տեղյակ են եղել այդ մասին: Եկեղեցու դերը հենց այստեղ է, որ պետք է երևա: Մենք պիտի սրբորեն հանձն առնենք այս ծանր և պատասխանատու, երկարատև գործը: Մեր զավակների ճակատագրի հարցում Եկեղեցին անմասն մնալ չի կարող:
- Պատերազմի սկսելուց ի վեր՝ Դուք ֆեյսբուքյան Ձեր էջի ուղիղ եթերներով ամեն օր աղոթք եք հղում առ Աստված՝ անհետ կորածների և գերության մեջ գտնվողների համար: Այս հանգամանքը որքանո՞վ է օգնում նրանց ընտանիքներին՝ սփոփանք գտնելու և հավատը չկորցնելու համար:
- Այս ընտանիքների ամենօրյա կապն ինձ հետ ձևավորեց այն համայնքը, որն այսօր կա: Ընտանիքներն ինձ հետ մշտական շփման մեջ են, մշտապես կատարում եմ այցելություններ, ունենում հոգևոր զրույցներ: Սակայն նրանք նաև կարողացան ճանաչել միմյանց, կիսել միմյանց վիշտն ու սպասումը, ինչու ոչ, գոտեպնդել ու հույս տալ: Նրանք տեսնում են, որ կան ավելի ծանր իրավիճակներ, քան իրենց բաժին հասածն է: Այս առումով սա նաև մեծ հոգեբանական աջակցություն է, որ ընտանիքները փոխանցում են միմյանց:
Գերիների և անհետ կորածների համար մեր աղոթքներ չեն դադարում: Մեր ուխտագնացությունները լինելու են շարունակական՝ ընդգրկելով Հայաստանի ողջ տարածքը, իսկ երեկոյան աղոթքները՝ անհետ կորածների ու գերեվարվածների համար, նույնպես շարունակական են լինելու: