Այսօր՝ ապրիլի 27-ին, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում տեղի ունեցավ բացօթյա համերգային երեկո։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ կազմակերպված այս համերգային ծրագիրը տեղի ունեցավ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։ Համերգային երեկոն մեկնարկեց Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի օրհնությամբ:
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Ագապէ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Միջոցառումները մեկնարկել էին դեռևս ապրլի 18-ին՝ Հայաստանի 10 մարզերում և Երևանում՝ դպրոցականների ներգրավմամբ։ Շուրջ 50 պատմամշակութային հուշարձանների մաքրման աշխատանքներ են իրականացվել՝ որպես իրազեկման արշավ։ Հուշարձանների միջազգային օրվա շրջանակներում այս տարի մշակվեցին մի շարք միջոցառումներ, որոնց ամփոփիչ միջոցառումն այսօր կայացած համաժողովն է, իսկ երեկոն ամփոփվում է բացօթյա համերգով՝ նվիրված հուշարձանների պահպանությանը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել էր նաև «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտումայսօր տեղի ունեցած համաժողովին մասնակցում էին ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Այս միջոցառումները նպատակ ունեն հերթական անգամ մեր ուշադրությունը հրավիրելու մշակութային այն ժառանգության վրա, որը գտնվում է ՀՀ տարածքում։ Չափազանց կարևոր է, որ արտաքին թշնամու դեմ պայքարում, մեր արդար իրավունքը պաշտպանելու գործում վստահ լինենք, որ ՀՀ ամեն մի քաղաքացի կրում է պատասխանատվություն իր արժեքի հանդեպ»։
Համերգային ծրագրի ընթացքում հանրայնացվեցին պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստ»-ի հետ համագործակցությամբ: Ցուցադրվեցին պատմամշակութային հուշարձանների մասին պատմող կարճ հոլովակներ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին