Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, մեկնարկեց Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացը: Դասընթացին գրանցված են ավելի քան 70 մասնակիցներ Երևան քաղաքից: Նրանց թվում կան Երևանի Կիրակնօրյա դպրոցների նախկին և ներկա ուսուցիչներ, երեցկանայք, Հայ Եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչներ, մանկավարժներ: Ուսուցիչները իրենց համայնքներում կդասավանդեն Կիրակնօրյա դպրոցներում: Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի հետ համագործակցաբար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը նշում է. «Վաղուց կար Կիրակնօրյա դպրոցների ընդլայնման անհրաժեշտությունը: Մարդիկ շատ էին հետաքրքրվում, թե որտեղ կարող են իրենց երեխաները ստանալ քրիստոնեական դաստիրակություն և կրթություն: Մինչ այս թեմում, իհարկե, գործում էին Կիրակնօրյա դպրոցներ, սակայն թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ խնդիր դրվեց դրանց քանակն ավելացնել, ուստի՝ անհրաժեշտություն եղավ իրականացնելու ուսուցիչների վերապատրաստում»:
Ուսուցիչների վերապատրաստումը տևելու է 3 ամիս: Կիրակնօրյա դպրոցների համար մշակվել է միասնական ծրագիր, որի նպատակն է երեխաներին դաստիարակել քրիստոնեական-ազգային արժեքներով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին