«Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր» (Մատթեոս 28:6)

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր» (Մատթեոս 28:6)

«Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր» (Մատթեոս 28:6)

Ս. Հարության տոնը Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում

 

Այսօր՝ ապրիլի 4-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը: Տոնի առթիվ Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում: Հավատավոր ժողովուրդը ստացավ Քրիստոսի Հարության Ավետիսը. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

 

Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում ևս այսօր մատուցվեց Սուրբ Հարության Պատարագ: Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված հավատավոր ժողովուրդը մասնակից դարձավ Սուրբ Պատարագին: Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանն էր: 

 

Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հարկավոր է գնահատել և պահպանել մեր ազգային, քրիստոնեական արժեքները և Հայրենիքը: Այս հարցում մեծ է Եկեղեցու դերակատարումը: Եկեղեցին է, որ պետք է լինի օրինակ և հանգրվան արժեքների պահպանման համար: Մարդիկ պիտի հասկանան, որ Եկեղեցին է Աստծո խոսքը ժողովրդին հասցնողը: Եթե մինչ այս ունեցել ենք չգիտակցված բացթողումներ, ապա այժմ իրավունք չունենք սխալվելու: Այդ հոգևոր բացթողումների պատճառն այն է, որ չենք գիտակցել, թե ինչ մեծ մարտահրավերների առաջ ենք կանգնած եղել: Այժմ պահն է արթնության, և թող որ Քրիստոսի Հրաշափառ Հարությունը դառնա այն լավագույն առիթը, որը բոլոր քրիստոնյաներիս ազատելով խավարից՝ կառաջնորդի դեպի լույսը»:

 

Տեր հոր՝ Սուրբ Հարության տոնի առթիվ մաղթանքը հետևյալն էր. «Հավատ, հավատ և միայն հավատ: Մինչև դարձի չգանք և չկատարենք աստվածային պատվիրանները, չենք վերադարձնի այն, ինչ կորցրել ենք, իսկ մենք շատ բան ենք կորցրել»: 

 

Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ներկաները հնարավորություն ունեցան օգտվելու զատկական ավանդական սեղանի հյուրասիրությունից:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-04-04
×