«Հարության Ավետիսը» փոխանցելով ամենքին․ տեղի ունեցավ Կանթեղներով երթը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Հարության Ավետիսը» փոխանցելով ամենքին․ տեղի ունեցավ Կանթեղներով երթը

«Հարության Ավետիսը» փոխանցելով ամենքին․ տեղի ունեցավ Կանթեղներով երթը

Ապրիլի 3-ին` Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին, թեմի երիտասարդներն արդեն յոթերորդ անգամ իրականացրին «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը ստանալով` թեմի երիտասարդները, ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկսեցին երթը:

 

Սուրբ Հարության շարականների ուղեկցությամբ անցնելով Մ․ Մաշտոցի պողոտայով՝ մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ քարե գորգի վրա վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: 

 

Թեմի երիտասարդաց միությունների համակարգող, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով երթի նախաձեռնողն է, մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց․ «Իմ մաղթանքն է, որ Հարության լույսով ողողված լինի ամեն ընտանիք, և որ Հարության խորհուրդը մուտք գործի այն ընտանիքներ, ովքեր Արցախյան պատերազմի օրերն կորուստներ ունեցան։ Նրանք հենց Հարության խորհրդով պետք է կարողանան մխիթարվել ու ապրել՝ հավատալով, որ օրերից մի օր մեկս մյուսին կհանդիպենք Երկնքի արքայության մեջ։  

 

Շատ մեծ է երթի մասնակից երիտասարդների ոգևորությունը։ Հուսահատությունից պետք է դուրս գալ, ոգևորության կարիք ունենք»։ 

 

Այս տարի մասնակիցներն ընտրել և քարե գորգի վրա կազմել էին Արցախի սրբավայրերից մեկի պատին փորագրված խաչը: Այս մասին Տեր հայրը պատմում է․ «Ամեն տարի մի խաչ ենք ընտրում և կանթեղներով կազմում։ Երբ Արցախում էինք, մի խաչ լուսանկարեցինք՝ սրբավայրի պատին, և այսօր հենց այդ խաչն ենք կազմել։ Ցանկությունս է, որ հաջորդ տարի ոչ թե Շուշիի եկեղեցու գմբեթի խաչը կազմենք, այլ Շուշիում խաչ կազմենք»։

 

Երթի մասնակիցներից Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Աննա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում օրվա խորհրդի մասին ասաց․ «Երթին մասնակցել եմ ամեն տարի՝ յոթ տարի շարունակ։ Այս տարի երթին մասնակցում եմ հատկապես խաղաղության խորհրդով։ Թող խաղաղություն լինի մեր երկրում, մեր սահմաններին, որպեսզի կորուստներ չունենանք և միայն հաղթանակներ տոնենք»։

 

Երթի մասնակիցներից Միքայել Սաֆարյանը մասնավորապես նշեց․ «13 տարեկանից մասնակցում եմ Կանթեղներով երթին։ Մասնակցում եմ, քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մշտապես պիտի ամուր պահենք մեր հավատը։ Այսպես ողջ աշխարհին պիտի ապացուցենք, որ մշտապես եղել ենք և մնալու ենք քրիստոնյա»:

 

Այս տարի «Հարության Ավետիս»  երթին մասնակցեցին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման անդամներ, տարբեր կազմակերպությունների երիտասարդ անդամներ, տարբեր եկեղեցիների համայնքների հավատացյալներ և այլք։

 

Երթի մասնակիցներին ողջունում էին պատահական անցորդները, ինչպես նաև բնակիչներ պատշգամբներից՝ տներում վառված կանթեղները դուրս բերելով:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-04-03
×