Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ

Ապրիլի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: 

 

Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է. 

 

«Սիրելի Սրբազան,

 

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաձայն ավետիսով հայրապետական Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ, տիրախնամ թեմիդ հոգևոր դասին, թեմական ու համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին:

 

Լուսառատ այս օրը տոնախմբում ենք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ փառաբանության աղոթք վերառաքելով առ Փրկիչ մեր Տերը, Ով սքանչելի Հարությամբ աշխարհը նորոգեց և փրկություն ու հավիտենական կյանք պարգևեց մարդկությանը:

 

Գողգոթաներից ու մահից հառնելու Քրիստոսի շնորհած զորությամբ մեր ժողովուրդը նորոգ հույսերով կերտել է իր կյանքը՝ հաղթահարելով բազում փորձություններ ու արհավիրքներ: Այսօր ևս ազգովի կանգնած ենք մեր դժվարին մարտահրավերների առջև: Արցախյան նոր պատերազմը, նահատակ մեր զինվորների, անհայտ կորածների ու գերի ընկած մեր զավակների ցավը, Արցախի զգալի մասի կորուստը փոթորկել են մեր ժողովրդի բնականոն կյանքը: Երկրում ստեղծված ծանր իրավիճակին հավելվում է մտահոգությունը չնահանջող համավարակի, որն ամեն օր մարդկային նոր կյանքեր է խլում: Հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրները և խորացող ճգնաժամային իրավիճակները պիտի հաղթահարենք առ հարուցյալ Քրիստոս հավատքով, հայրենքի շուրջ ազգային կուռ համախմբվածությամբ, համազգային ուժերի ու ջանքերի մեկտեղումով:

 

Հարության այս նվիրական տոնը առիթ է սիրո ու միասնականության մեջ ազգիս զորացման՝ հանուն Հայրենքի փրկության ու հայոց աստվածապարգև հողի վրա մեր լուսավոր ապագայի կառուցման: Այս պատասխանատու առաքելության մեջ կարևոր դերակատարություն ունի մեր Սուրբ Եկեղեցին` իր զավակների սրտերում ամրապնդելու լույս հավատքը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը: Հարության տերունապարգև զորությամբ և մեր ժողովրդի անսասան հավատքով ու միաբանությամբ է, որ կարգասավորվեն ազգիս ջանքերը ի խնդիր պատերազմից տուժած Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության զորացման, հայրենաբնակ մեր ժողովրդի բարօրության ու աշխարհասփյուռ մեր համայնքների շենացման:

 

Զատկական այս առավոտ Միածնաէջ Մայր Աթոռ Սուրբ Աթոռից աղոթում ենք, որ հարուցյալ Փրկիչը հոգենորգ Իր շնորհներով զորացնի Ձեզ, թեմիդ ուխտապահ եկեղեցականաց դասին, թեմական ու համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր ողջ ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի: Այլև հայցում ենք, որ Բարին Աստված արդյունավորի տերունապատվեր Ձեր առաքելությունը՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք՝ ի պայծառություն տիրախնամ Ձեր թեմի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու: Թող երկնային խաղաղությունը հովանի լինի ողջ աշխարհին և հայրենի մեր երկրին այսօր, վաղը և միշտ. ամեն»:

 

Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Նավասարադ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի», և Պահպանիչ աղոթքով արձակեց: Սրբազան հայրն իր օհնությունը տվեց նաև «Հարուրթյան ավետիս» խորագրով կանթեղներով երթի մասնակիցներին, ովքեր Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց կանթեղներով պիտի քայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Երթը նախաձեռնել ու արդեն յոթերորդ անգամ իրականացնում են թեմի երիտասարդաց միությունների անդամները՝ հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագա քահանա Մալյանի գլխավորությամբ: 

 

Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Տնօրհնեքի կարգ: 

 

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմերը տարան՝ որպես Տիրոջ լույսի ու օրհնության խորհրդանիշ: 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

  • 2021-04-03
×