Խավարման գիշեր. պատրա՞ստ ենք չարչարակից լինել Քրիստոսին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Խավարման գիշեր. պատրա՞ստ ենք չարչարակից լինել Քրիստոսին

Խավարման գիշեր. պատրա՞ստ ենք չարչարակից լինել Քրիստոսին

Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է:


Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում արարողությունը հանդիսապետում էր թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:


Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է:


Խավարման կարգը հիշատակն է Քրիստոսի ձերբակալման, դատապարտման և խաչելության: Արարողության ժամանակ Խորանի վրա վառվում են 13 մոմերից 12-ը, որոնք խորհրդանշում են Քրիստոսին ու առաքյալներին: Հուդային խորհրդանշող մոմը չի վառվում:


Արարողության ժամանակ ընթերցվում են հատվածներ Ավետարանից՝ Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը:


Հերթով մարում են առաքյալներին խորհրդանշող մոմերը: Վերջին ընթերցվածի ավարտին խավարի մեջ հայտնված եկեղեցում վառ է մնում միայն Հիսուսին խորհրդանշող մոմը: Սա խորհրդանշում է աշակերտների կողմից Տիրոջը լքելը, քահանայապետերի ու դպիրների ձեռքը մատնվելը:


Մթության մեջ հնչող «Տեր ողորմեա» և «Ո՞ւր ես, մայր իմ» շարականները խոկման առիթ են տալիս մասնակիցներին:


Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանն իր օրհնությունը փոխանցեց հավատացյալներին՝ հորդորելով մտորել օրվա խորհրդի շուրջ. եթե ցանկանում ենք Հարության ավետիսին արժանանալ, պատրա՞ստ ենք չարչարակից լինել Քրիստոսին:


Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-04-02
×