Արև- երեխաները մասնակցեցին Ոտնլվայի կարգին

Արև- երեխաները մասնակցեցին Ոտնլվայի կարգին

Այս տարի ապրիլի մեկին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին: Օրվա խորհրդին համահունչ՝ բոլոր եկեղեցիներում այսօր կատարվել է Ոտնլվայի կարգ: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր կարգին մասնակից դարձան դաունի համախտանիշ ունեցող Արև-երեխաները: Տարիներ շարունակ նրանք համախմբված են «Արև- երեխաներ» ՀԿ-ի հովանու ներքո, որը գործում է Արարատյան Հայրապետական թեմում՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ:

 

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խոսելով Արև-երեխաների և օրվա խորհրդի մասին, մեզ հետ զրույցում ասաց. «Առաջին անգամն է, որ նախաձեռնեցինք արև-երեխաների՝ ամենաբարի, ամենախոնարհ մարդկանց մասնակցությունը Ոտնլվայի կարգին: Ես ինքս էլ ունեմ իմ Արևը և փորձը՝ նրանց հետ շփման: Արև-երեխաներն ընդամենը ունեն սիրո կարիք, նրանց պետք է սիրել այնպես, ինչպես նրանք են սիրում աշխարհը: 

 

«Արև- երեխաներ» կենտրոնը դարձել է մի մեծ ընտանիք, որի հիմնասյունը հավատն է ու միմյանց հանդեպ սերը: Արև-երեխաների և նրանց ծնողների հավատը, սերն առ Աստված ավելի մեծ է: 

 

Քրիստոնեությունը քարոզում է սեր և խոնարհություն: Մենք բոլորս քույր և եղբայր ենք, և պետք է կարողանանք սիրել մեր նմանին՝ անկախ ամեն ինչից: Մենք բոլորս հավասար ենք, և պետք է կարողանաք խոնարհաբար ծառայել իրար՝ ի փառս մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի»:

 

Արև-երեխաները նույնպես խանդավառությամբ էին մասնակից դարձել Ոտնլվայի կարգին: 

 

9 տարեկան Ներսիսյան Շավարշի մայրիկը՝ Սիրանուշ Ներսիսյանը, պատմում է.  «Տեր Գրիգորի օրհնությամբ և խորհրդով՝ մեկ տարի առաջ սկսեցինք հաճախել «Արև-երեխաներ» ՀԿ: Այստեղ հաճախելուց հետո մեծ և նկատելի է փոփոխությունը Շավարշի մոտ: Խոսքը զարգանում է, զգում եմ, որ Տեր Գրիգորի օրհնությամբ ու իմ մեծ խնդրանքներով առ Աստված՝ հաջողություններ ենք գրանցում:

 

Շավարշը փոքր-ինչ վախենում էր Ոտնլվայի կարգին մասնակցել, բայց հետո, երբ բացատրեցինք խորհուրդն ու իր աչքերով տեսավ՝ վախենալու ոչինչ չկա, իր կամքով ամենավերջինը մոտեցավ: Հիմա իրեն շատ լավ է զգում, ինչպես և ես: Սա մեր հաղթանակն էր, մենք հաջողեցինք»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-04-01
×