Ապրիլի մեկին Հայ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին

Ապրիլի մեկին Հայ Եկեղեցին նշեց Ավագ հինգշաբթին

Ապրիլի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ Հինգշաբթին: Առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվեց Ապաշխարության կարգ, ապա բաց Խորոնով մատուցվեց Ս. Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց եւ տվեց տասներկու աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար» (Մատթ. 16 17-30): 

 

Օրվա երկրորդ կեսին բոլոր եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի կարգ: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջեւ ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. 13; 5) և հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 3;1-20): 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կարգը կատարեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ոտնլվայի արարողության ժամանակ Սուրբ Խորան էին բարձրացել ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի սաները: Պահպանիչ աղոթքից հետո Տեր հայրը ծնկի գալով լվաց զինվոր-կուրսանտների ոտքերը եւ օծեց յուղով: Հիսուս աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքում յուղի օգտագործումը խորհրդանշում է անուշահոտ յուղը (Հովհ. 22; 3), որով Հիսուսին օծեց անառակ կինը: Նա իր անկեղծ զղջմամբ արժանացավ Տիրոջ ողորմությանը:

 

Արարողության ավարտին օրհնվեց ու հավատացյալներին բաժանվեց յուղը, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

 

Ավագ հինգշաբթի երեկոյան բոլոր եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգը: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան է կատարվում, երբ ըստ եկեղեցական կարգի՝ օրը փոխվում է:

 

Խավարման կարգը հիշատակն է Քրիստոսի ձերբակալման, դատապարտման և խաչելության: Արարողության ժամանակ Խորանի վրա վառվում են 13 մոմերից 12-ը, որոնք խորհրդանշում են Քրիստոսին ու 11 առաքյալներին: Հուդային խորհրդանշող մոմը չի վառվում:

  • 2021-04-01
×