Հսկման ժամերգություն կատարվեց Ծիծեռնակաբերդում

Հսկման ժամերգություն կատարվեց Ծիծեռնակաբերդում

Հունիսի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի ունեցավ հսկման ժամերգություն: Ավարտին կատավեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի: Ժամերգությանը մասնակցում էին ԱՀԹ քահանայից դասը և բոլոր եկեղեցիների համայնքների անդամներ: Արարողության ընթացքում Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն ընթերցեց Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը, ուր մասնավորապես ասվում է. «Արդարեւ, մոտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ: Ինչպես որ դու  արեցիր, այդպես էլ քե՛զ կպատահի, և քո հատուցումը կիջնի քո գլխի  վրա…» (Աբդիու Ա 15):


Թեմի համայնքների և երիտասարդաց միությունների սիրելի՛ անդամներ, Նվիրական զգացումներով և միաբանության ոգով տոգորված՝ հավաքվել ենք Ծիծեռնակաբերդի  հուշահամալիրում՝ ոգեկոչելու ապրիլյան եղեռնազարկ նահատակների հիշատակը: Հավաքվել ենք այստեղ՝ որպես  խոնարհումի արտահայտություն և սիրո կապվածություն այն հավատքին, որի համար զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայ: Ապրիլյան եղեռնական օրերին բարբարոս թուրքն իր հրեշավոր ծրագիրն էր իրականացնում՝  նպատակ ունենալով աշխարհի վրա թողնել «մեկ հայ և այն էլ՝ թանգարանում» (տե՛ս Պ. Սևակ): Այդ ոճրագործները  գազանական գործողություններն իրականացնում էին  թե՛ պետականորեն, թե՛ ոհմակային: Թշնամին մեզ կոտորում էր անխտրաբար:

Հայերի դավանաբանական, գաղափարական ու դասակարգային տարբերությունները բնավ հաշվի չառնվեցին ջարդարարների կողմից: Մահը նրանց միացրեց: Եղեռնագործությունից հետո մասնատված ժողովուրդը՝ մեր  նախնիք,  որպես բեկված ծառի ճյուղեր, սփռվեցին  աշխարհով մեկ.  «Բեկոր եղանք: Բայց մենք բեկոր չե՛նք մնա: Որովհետև ամբողջի տեսիլքը, հավատքն ու կամքը կամար են նետել բեկորների վրա: Բաղարջի պատկերը բեկորների մեջ չի կորել: Եվ մենք դարձյալ բաղարջ ենք լինելու» (Գարեգին Ա): Սիրելի՛ք, հայրենասիրությունը զգացմունք է, հայրենաշինությունը՝ գործ: Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը մեզ առաջնորդում է միաբանության և միասնականության, ինչը մեր  հզորության աղբյուրն է:  Այսու հիշենք, որ  երկվությունը չարյաց մայրն է:

Վա՛յ այն հայ երիտասարդին, ով հատուցման պահանջ չի ունենա, ում հոգին չի ձայնի Բարձրյալին՝ ասելով. «Վարձատրի՛ր նրանց, Տե՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տու՛ր իրենց հատուցումը» (Սաղմոս 27:4): Քրիստոս Իր խոսքով և կյանքով փոխանցեց. «Եւ մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին չեն կարող…» (Մատթեոս Ժ 28): Ոգին է կենդանարար, և մենք կոչված ենք այդ ոգին պահելու և դրանով միաբան ու հաստատ մնալու, իրավացիորեն  պահանջելու վերստանալի և վերակենդանանալի մասը՝  Աստծուց մեզ բաժին տրված… Մեր պահանջն արդար է և աստվածահաճո:  


Եվ թող Աստված լինի մեզ զորակից՝ արդարության այս պատերազմը մինչև վերջ հասցնելու,  մեր ազգի եղեռնագործված զավակների հիշատակի սուրբ կտակն ապրեցնելու, հետապնդելու և արդար հատուցման մխիթարությունը գտնելու համար:  Ամեն»: Սա «100 ամյակին ընդառաջ» ծրագրի երկրորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ երիտասարդական միությունները Տ. Նավասարդ Սրբազն հոր օրհնությամբ: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն: Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված: Ծրագրի հաջորդ հանգրվանը կլինի հուլիսի 24-ին:

  • 2021-09-07
×