Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախօրեին:

 

Ամեն տարի Ճրագալույցի Սուրբ Պատարագին ազգովի այցելում ենք եկեղեցի՝ մասնակիցը լինելու Քրիստոսի  Ծնունդի ավետմանը։ Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է երեկոյան, որովհետև Քրիստոսի Ծնունդը եղավ գիշերը, իսկ Պատարագի ավարտին եկեղեցին ավետում է՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»։   Խորհրդանշական այս օրը եկեղեցում գտնվող հավատացյալները  իրենց տներ են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ։

 

Ի՞նչ է խորհրդանշում այդ լույսը

 

Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև երևում էր նաև ցերեկով, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հետևաբար, ճրագը տուն տանելով, նաև աստվածային օրհնությունն ենք տանում մեր տներ։ 

 

Հունվարի 5-ի երեկոյան կատարվող ժամերգության ընթացքում, հավատացյալները հնարավորություն են ունենում լսելու՝ ատյանում ընթերցվող Տիրոջ գալուստը վկայող մարգարեություններ: Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը:

 

Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստության։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:

 

Թող որ այս տարի, ամենքս Քրիստոսի ծնունդով մաքրագործվենք և Նրա լույսով առաջնորդվենք։ Դուրս բերենք մեր հոգիները խավարից և ճանապարհ բացենք միայն լուսավոր ապագայի համար։ Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կատարվում են նաև Սուրբ Ծննդյան տնօրհնեքներ․ փորձենք նաև այսկերպ աստվածային առատ օրհնությամբ լցնել  մեր տան յուրաքանչյուր անկյունը։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-01-05
×