Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ամանորի գիշերը մատուցվեց տարեմուտի Սուրբ Պատարագ և կատարվեց Նռնօրհնեքի կարգ՝ թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանը:
Սուրբ Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկա հավատացյալներին՝ աղոթելով արցախյան պատերազմում զոհված զինվորների հոգիների խաղաղության և նրանց ընտանիքի անդամների մխիթարության համար: Մաղթեց վիրավոր զինվորներին ապաքինում և անհետ կորածներին ու գերիներին շուտափույթ վերադարձ:
Սրբազան հայրը հորդորեց ամենքին Քրիստոսի ծննդյան լույսով զորանալ, հավատքի մեջ հաստատուն մնալ՝ հանուն մեր Հայրենիքի շենացման և Եկեղեցու պայծառության:
Հընթացս արարողության՝ հոգևոր հայրերը հավատացյալների հետ հայցեցին Աստծո օրհնությունն ու ողորմությունը՝ Հայաստան աշխարհի պահպանության, խաղաղության, շինության և անսասանության համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին