Պատերազմի ավարտից հետո յուրաքանչյուրիս առաջնային անելիքն է մեր սուրբ նահատակների հիշատակը վառ պահել։ Օրերս տեղադրվեց ցայտաղբյուր՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում անձնուրաց պայքար մղած և իր կյանքը հանուն հայրենիքի զոհած Հովհաննես Հարությունյանի հիշատակին։ Լինելով ընդամենը 29 տարեկան՝ հերոսը կամավորագրվելով մեկնել է ռազմաճակատ, որտեղ, ինչպես պատմում են, զոհելով սեփական կյանքը՝ փրկել է չորս զինվորների կյանքեր։
Ցայտաղբյուրի բացման արարողությանը ներկա էր նաև Նոր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, ով հանդես եկավ օրհնության խոսքով։ Ներկա էին հերոսի հարազատները, տարածքի բնակիչներ։
Ցայտաղբյուրը բաղկացած է 29 աստիճաններից որոնք խորհրդանշում են հերոսի ապրած 29 տարիները։ Հետագայում նախատեսված է ցայտաղբյուրի մոտ տեղադրել նաև խաչքար։
Արարողության ավարտից հետո ներկաները շարժվեցին դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հովհաննես Հարությունյանի և մյուս բոլոր քաջերի հիշատակին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին