Օգոստոսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ և ՀՀ ՊՆ-ի հետ Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայոց Մեծ Եղեռնի 100- ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում կազմակերպել էին միջոցառում: Իրենց մասնակցությունն էին բերել թեմի քահանայից դասը, ՀՀ պաշտպանության նախարարության սպայական կազմը՝ գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ, թեմի համայնքների անդամները: Թեմի քահանաների առաջնորդությամբ երիտասարդները Եռաբլուր պանթեոնում հանգչող՝ ավելի քան 800 հայորդիների շիրիմներին ծաղիկներ դրեցին, ապա հանդես եկան հայդուկներին, Հայոց Մեծ Եղեռնի վրիժառուներին ու Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված ֆլեշմոբով:
Երիտասարդները հայդուկներին խորհրդանշող կերպարների օգնությամբ և «Հայ Ֆիդայիներ» երգի ներքո (ՀՀ ՊՆ զինվորական նվագախմբի և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանի կատարմամբ) հավաքեցին Մեծ Հայքի քարտեզը, որը թուրք պարագլուխները փորձեցին ոչնչացնել՝ քարտեզի վրա սև քող գցելով: Սև կտավի վրա կարմիր տառերով գրված էր. «Չկա հայ, չկա հայկական հարց»: Հավաքվածների միջից անսպասելի դուրս եկան Նեմեսիս գործողության մասնակիցների կերպարները և կրակոցների ձայների ներքո ծնկի բերեցին թուրքերին, թուրքական դրոշով ծածկեցին՝ խորհրդանշելով նրանց մահը: Հետո սև քողը բարձրացրին քարտեզի վրայից:
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու, քահանայից դասի, Մեծ Հայքի քարտեզի և հայ ազատամարտիկների շիրիմների առջև երդվեցին Հայրենիքի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանը լինել: Միջոցառման ավարտին ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը պահպանիչ աղոթք կարդաց ու խաղաղությամբ արձակեց հավաքվածներին: Սա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրի չորրորդ միջոցառումն էր: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երիտասարդներն ամեն ամսի 24-ին կազմակերպում են միջոցառումներ: Նախաձեռնության նպատակն է ողջ տարվա ընթացքում արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան