Խաչ՝ աչքուլունքների փոխարեն

Խաչ՝ աչքուլունքների փոխարեն

Հունիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամներն իրականացրեցին «Խաչի քարոզ» ծրագիրը: Արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպվող ծրագիրն այս անգամ իրականացվեց Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտակա կանգառներից մինչև Նոր Նորքի թաղապետարանի մոտակա կանգառներ: Երիտասարդները նախ հավաքվեցին Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում (Նոր Նորքի առաջին զանգված), որտեղ երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակցեցին ընդհանրական աղոթքի և օրհնություն ստանալով`շարժվեցին դեպի կանգառներ:


Ակցիայի ընթացքում երիտասարդները վարորդներին խաչեր ու աղոթաթերթեր են բաժանում՝ փոխարենը վերցնելով նրանցից աչքուլունքները: Ծրագրի երկար տարիներ իրականացման արդյունքում այն դարձել է վարորդների կողմից սիրված և սպասված նախաձեռնություն: Խաչի քարոզ իրականացնող երիտասարդներին կանգառներում մոտենում են նաև վարորդներ, ովքեր իրենք են ցանկանում խաչ վերցնել:


«Շատ լավ բան եք մտածել: Դե, աչքուլունքը կախում ենք, որ փորձանքից հեռու մնանք, բայց դե, մեր խաչի զորությունն ուրիշ ա», - ասում է վարորդներից մեկը:


Խաչի քարոզն արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երևանում, որն իրականացվում է ոչ-պարտադիր սկզբունքով: Վարորդներն իրենք են որոշում, թե ցանկանում են հանել աչքուլունքները, թե՞ ոչ:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2017-06-18
×