Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ օծեցին Եղվարդի նորակառույց Ս. Սարգիս եկեղեցին։ Արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այրեր, հավատացյալներ։
Եկեղեցին կառուցվել է Խաչատրյան ընտանիքի, մասնավորաբար՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների ջանքերով։ Արարողության ընթացքին ջրով ու գինով մաքրագործվելուց հետո Սրբալույս Մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ Խորանը, Մկրտության ավազանը։
Շնորհավորելով եղվարդցիներին նորակառույց եկեղեցու օծման առթիվ՝ Առաքել Սրբազանը շնոհակալություն հայտնեց բարերարներին ու նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Հայրապետի գնահատանքն ու օրհնությունը։ Ապա ընթերցեց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, որով Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները պարգևատրվեցին Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։
Եկեղեցու ճարտարապետը Հրաչ Գասպարյանն է։ Այն կառուցվել է 13-րդ դարի Ս. Սարգիս մատուռի հարևանությամբ։ Եկեղեցու տարածքը բարեկարգված է. կից կառուցվել է երիցատունը ու կիրակնօրյա դպրոցի շենքը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին