Մայիսի 14-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ առթիվ, հինգ տարի անընդմեջ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցի է բերվում Զորավոր Ս. Ավետարանը:
Այս տարի ևս եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և թեմերից ժամանած ուխտավորները Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերված «Զորավոր» Ավետարանը։
Պատարագիչը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանն էր:
Ավետարանի հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Եվ հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է երկար տարներ, մարդիկ կոչել են Զորավոր:
Ս. Պատարագի ավարտից մինչ Երեկոյան ժամերգությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալներ Ս. Մովսես Տաթևացի հայրապետի բարեխոսությամբ, հաղորդակից եղան կեսհազարամյա զորավոր պատմությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին: