Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հյուր

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հյուր

Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հյուր

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդական միության անդամներին և Արցախի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի:

 

Հանդիպման ընթացքում աշակերտները ասմունքով, ժողովրդական երգերի և երաժշտական կատարումներով հանդես եկան. կատարեցին «Հայրապետական մաղթանքը», «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունը:

 

Ազգային արժեքների պահպանման և կրթական ոլորտի զարգացման գործում Հայ Եկեղեցու կարևոր առաքելության վերաբերյալ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի և դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանի խոսքերից հետո Գարեգին Երկրորդ Հայրապետն իր ուրախությունը հայտնեց նման նախաձեռնության կազմակերպման առիթով՝ ուխտավոր հայորդիներին փոխանցելով իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

 

Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հայորդիների ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որով հնարավորություն է ընձեռնվում նրանց՝ հաղորդակցվելու իրենց անցյալին ու պատմության փառավոր էջերին, զգալու Աստծո շունչը և նորոգելու իրենց հավատքը:

 

Նորին Սրբությունը նաև հորդորեց դպրոցականներին լավագույնս սերտել և յուրացնել իրենց պատմությունը: «Դուք մեր կյանքի և հայ ժողովրդի շարժող ուժն եք: Դուք մեր ապագան եք», -ասաց նա:

  • 2019-12-23
×