Դեկտեմբերի 9-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որը նախաձեռնել էր ԱՀԹ Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ: Համերգից ստացված հասույթը կփոխանցվի Մխչյան համայնքի երկու և Արաքսավան համայնքի մեկ զինհաշմանդամ ընտանիքներին:
Ներկա էին ԱՀԹ քահանաներ, եկեղեցիների համայնքների անդամներ, հյուրեր:
Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ համերգը սկսվեց Տերունական աղոթքով:
Տ. Միքայելը շնորհակալություն հայտնեց ներկաներին և աջակիցներին համերգի կայացմանն իրենց ավանդն ունենալու և բարեգործական նախաձեռնությանը մասնացելու համար:
«Զինհաշմանդամներից երկուսը Արցախյան հերոսամարտի մասնակիցներ են, իսկ երրորդը՝ ժամկետային զինծառայող, ով թշնամու գնդակից վիրավորվելուց և բուժվելուց հետո վերադարձել է ծառայության: Երեք ընտանիքներն էլ բազմազավակ են և մեր օգնության ու աջակցության կարիքն ունեն»,- նշեց Տ. Միքայելը:
Համերգին ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը`Մրոն, և «Արարատ» ժող. նվագարանների համախումբը: