Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի 19 ընտանիքներ ստացան աջակցության գումարներ

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքի 19 ընտանիքներ ստացան աջակցության գումարներ

Հունիսի 30-ին ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում իրականացվեց հոգևոր համերգ՝ Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» երգչախմբի կատարմամբ: Համերգին ներկա էին ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Նոր Նորք համայնքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը, Ս. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյանը, Նոր Նորք և Ավան համայնքների զինկոմիսարի տեղակալ փոխգնդապետ Աշոտ Հակոբջանյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսիսյանը:

 

Համերգին հրավիրված էին Նոր Նորք համայնքից 2004-2014թթ. զորակոչված և ծառայության ընթացքում զոհված զինվորների ծնողներ, առաջին կարգի հաշմանդամներ և ՀՀ զինված ուժերում երկու զինծառայողների ընտանիքներ: Տեր Պետրոսը հանգամանորեն խոսեց իրականացվող բարեգործական ծրագրի մասին, այնուհետև ծնողներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի և Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունները:

 

«Շողակաթ» երգչախմբի կատարումները ունկնդրելուց հետո բարեգործական այս ծրագրում ընդգրկված 19 ընտանիքների տրվեցին իրենց համար նախատեսված գումարները՝ 350.000-ական դրամ զոհված զինծառայող ունեցող յոթ ընտանիքների, 200.000-ական դրամ առաջին կարգի հաշմանդամ զինծառայող ունեցող երկու ընտանիքների և 100.000-ական դրամ միաժամանակ երկու զինծառայող ունեցող տաս ընտանիքների: Ավարտին հոգևորականներն աղոթք հղեցին առ Աստված հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հոգիների խաղաղության, հաշմանդամների շուտափույթ ապաքինման և մեր հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների համար:


Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիան

  • 2021-09-07
×