ԱՀԹ երիտասարդները օգնություն են հավաքում

ԱՀԹ երիտասարդները օգնություն են հավաքում

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները օգնություն են հավաքում Այգեպարում այրված տների բնակիչների և քաջալերող նամակներ՝ սահմանապահ զինվորների համար Օգոստոսի 17-ին՝ Ս. Տիրամոր վերափոխման տոնի օրը՝ ժամը 18.00-22.00, Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն ու յուրաքանչյուր իր, աջակցություն միայն կօգնի դիմակայել փորձությանը:

 

Այդ օրը երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին կդիմեն նաև սահմանապահ զինվորներին նամակներ գրելու խնդրանքով: «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում: ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. ՍԱրգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամներն արդեն մի խումբ նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող զինվորներին: Մեր քաջարի զինվորներին երիտասարդների միջոցով նամակներ ու նկարներ էին ուղարկել «Զատիկ» երեխաների խնամքի կենտրոնի և Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 161 մանկապարտեզի սաները: Միանանք և աջակցենք մեր սահմանապահներին՝ թե՛ խաղաղ բնակիչներին, թե՛ զինվորներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2021-09-03
×