Հոգեհանգիստ զոհված զինվորների հիշատակին

Հոգեհանգիստ զոհված զինվորների հիշատակին

Դեկտեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի նախագահությամբ և եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանի ու Տ. Պարթև քահանա Մուրադյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների: 

Արարողությանը ներկա էին զոհված զինվորներ Նարեկ Մարգարյանի, Արամ Մեջլումյանի, Էդուրադ Միրզոյանի, Մհեր Շահնազարյանի, Վարդան Օհանյանի, Գոռ Բաբայանի, Կարեն Միքայելյանի, Վաղինակ Բաղդասարյանի, Պարույր Մելքոնյանի, Արարատ Մարտիրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի և Հրաչյա Սարգսյանի ծնողները:


Այս ընտանիքներից շատերն ընդգրկված էին «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրում: Այն Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ իրականացրել էին թեմի երիտասարդաց միությունները. բարեգործական ճաշկերույթի ժամանակ հանգանակված 50 մլն դրամ գումարը փոխանցելով 2004-2014թթ Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ ԶՈՒ ծառայության ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինվորներին ու միաժամանակ երկու և ավելի զինծառայող ունեցող ընտանիքներին:


Արարողության ավարտին Տ. Շահե քահանա Հայրապետյանը մխիթարական խոսքեր ուղղեց որդեկորույս ծնողներին՝ նշելով. «Սիրելի´ մայրեր, Տ. Նավասարդ Սրբազանի անունից մեր խոնարհումն ենք բերում ձեր առաջ՝ հանուն հայրենիքի նվիրաբերած ձեր ամենաթանկ գանձի համար: Հայ զինվորն իր արյունը թափելով մայրենի սուրբ հողում այն խառնեց Քրիստոսի Սուրբ Արյանը»:

 

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-03
×