Դեկտեմբերի 26-ին և 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի Ս. Հովհաննես, Նորագավիթի Ս. Գևորգ, Զորավոր Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն եկեղեցիների կիրակնօրյա դպրոցներում կազմակերպել էին Ս. Ծննդյանը նվիրված միջոցառումներ:
Դեկտեմբերի 26-ին Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաներին միացել էին նաև եկեղեցու անգլերենի և երգի խմբակների երեխաները: Նրանք ներկայացրին Ս. Ծննդյան բեմադրություն, տոնական երգ ու պար: Միջոցառման ավարտին թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը թեմի և անհատ բարերար Հերմինե Սարգսյանի կողմից նվերներ բաժանեց մասնակից 30 փոքրիկներին՝ հագուստ, գրենական պիտույքներ, քաղցրավենիք:
Արդեն կես տարի է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում գործում է կիրակնօրյա դպրոց: Ամանորի և Ս. Ծննդյան տոների նախաշեմին դպրոցի սաները մանկավարժ Սիրանուշ Գյումրույանի օգնությամբ պատրաստել էին ամանորյա զարդարանքներ և խաղալիքներ, որոնք ներկայացրին դեկտեմբերի 27-ին եկեղեցու բակում կազմակերպված ցուցահանդես- վաճառքի ժամանակ:
Դեկտեմբերի 27-ին Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցում կիրակնօրյա դպրոցի սաները նույնպես Ս. Ծննդյան բեմադրությամբ, երգ ու պարով ներկայացան հանդիսատեսին: Միջոցառումից հետո եկեղեցու համայնքը հյուրասիրություն էր պատրաստել մասնակիցների համար:
Դեկտեմբերի 27-ը տոնական էր նաև Ս.Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների համար: «Լուռ գիշեր» երգով երեխաները սկսեցին միջոցառումը, որին հաջորդեց «Աշխարհի Փրկչի Ծնունդը» բեմականացումը. ներկայացվեց Ս. Աստվածամոր ավետման ու Փրկչի Ծննդյան դրվագները: Միջոցառմանը հանդես եկան նաև եկեղեցու նորաստեղծ «Զվարթունքներ» պարային խմբի սաները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին