Ակտիվ լինելու համար շնորհակալագրի արժանացան Արարատյան Հայրապետական թեմը և թեմի երիտասարդկան կառույցները Սեպտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արարատյան Հայրապետական թեմին և թեմի երիտասարդաց միությունների համակարգող արժանապատիվ Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանին`«Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրին աջակցելու և ակտիվ մասնակցություն ունենալու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, փոխանցելով Տարոն Մարգարյանի գնահատանքի խոսքերը, ասաց, որ շատ ողջունելի է թեմի ակտիվ մասնակցությունը քաղաքային միջոցառումներին, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 10–ին կազմակերպված սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնին։ Նա կարևորեց նաև թեմի գործունեությունը հատկապես երիտասարդության իրազեկման շրջանում, քանի որ Մեր Եկեղեցու մասին տեղեկատվության պակասն է, որ հաճախ շատերինին սխալ ճանապարհով է տանում: Եվ այն, ինչ անում են թեմի երիտասարդները, շատերի համար է օրինակ դառնում դեպի Եկեղեցի գալու և ավանդական հայկական արժեքների պահապանը դառնալու համար: Տ.Պետրոսը, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքը գնահատելու համար, հավաստիացրեց, որ միջոցառումները շարունակական են լինելու: Հետաքրիքիր զուգադիպությամբ շնորհակալագրերը հանձնվեցին այն ժամանակ, երբ Տեր հայրը թեմի երիտասարդներին էր փոխանցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը՝ հերթական միջոցառումն իրականացնելուց առաջ. երիտասարդները պատրաստվում էին Խաչվերացի տոնի նախօրեին Երևանի կենտրոնում մարդկանց տեղեկատվական թերթոններ բաժանել: