Օծվեցին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Օծվեցին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը

Օծվեցին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը

Տ. Նավասարդ Սրբազանն  օծեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը Սեպտեմբերի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեցին ԱՀԹ Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը:  Զանգերը եկեղեցուն է նվիրաբերել  Սամվել  Շահնազարյանը, իսկ խաչքարը եկեղեցու բակում տեղադրվել է Արմեն Եսայանի բարերարությամբ: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցին, որ օծվել է 2000թ,  ցայսօր զանգեր չի ունեցել, և համայնքի կյանքում այս իրադարձությունը բացառիկ նշանակություն ունի: Տ. Նավասարդ Սրբազան հայրը, դիմելով եկեղեցու հավատացյալներին, մասնավորապես ասաց. «Ո՜վ Ողորմած Տեր, թող երբեք չլռեն զանգերը Հայոց եկեղեցու, թող նրանց ղողանջները  մեր հոգիների կոչնակը դառնան: Եվ թող ղողանջն այս եկեղեցու, որպես անլռելի զանգակատուն, հնչի հանապազ ու, որպես Աստծո ձայն, այս բարձունքից տարածվի ամենուր: Ով ականջ ունի, թող լսի  նորաօծ այս զանգերի «բոմբիւն»-ը, գա Աստծո տուն, հոգին բանա Նրա առաջ, և թող Տերը բնակվի նրա աղոթական հոգում: «ՏՈ՛ՒՐ  ՏԷՐ ՇՆՈՐՀՍ  ՁԱՅՆԻ  ԱԶԴՄԱՆՍ  ԱՅՍՈՐԻԿ, ԶԻ ԱՄԵՆԵՔԵԱՆ՝  ՈՐՔ ԼՈՒԻՑԵՆ ԶՀՆՉՈՒՄՆ ՍՈՐԱ, ԶՂՋԱՍՑԻՆ  Ի  ՍԻՐՏՍ  ԻՒՐԵԱՆՑ, Ի  ՎԵՐԱ  ՉԱՐԵԱՑ ԳՈՐԾՈՑ. ԵԻ ԴԱՐՁՑԻՆ Ի ԽՈՐՀՐԴՈՑ ՉԱՐԵԱՑ…» («ՄԱՇՏՈՑ»): Սիրելինե՛ր, Օծյալ խաչը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գահն է: Խաչի վրա թափված Իր անմեղ Արյունը դարձավ գինը մարդկության փրկության: Մենք խաչապաշտ ենք, հավատում ենք խաչով հաղթությանը և երկրպագում ենք խաչին: Խաչը խորհրդանիշն է մեր քրիստոնեական հավատքի: Այն բարձրացնում ենք մեր գմբեթների վրա, դրոշմում քարին, խաչակնքում՝ որպես հավատքի, իսկության արտահայտություն: Խաչը մեր ժողովրդի կյանքում եղել է թե՛ որպես սուր և թե՛ վահան՝ ընդդեմ չարի: Հայ քրիստոնյան սպառազինված է խաչի հաղթական խորհրդով: Հավատքով պետք է նայել խաչին և խաչի կնիքը կրել մեր սրտերում: Այս նորաօծ խաչքարը խաչապաշտությանն ընծայված ուրույն մի արտահայտություն է, «փրկություն է աշխարհի չորս ծագերի համար, սրբություն է հոգու չորս առաքինությունների համար. վերինը՝ խոհեմության, ներքինը՝ արիության, աջը՝ արդարության, իսկ ձախը՝ ողջախոհության համար» (Սբ. Գ. Տաթևացի):  «ԵԿԱՅՔ ԺՈՂՈՎՈՒՐԴՔ ԵՐԿՐՊԱԳԵՍՑՈՒՔ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻՍ, ՀԱՄԲԱՐՁԷՔ ՄԻԱԲԱՆ ԶՁԵՌՍ ՁԵՐ  Ի ՍՐԲՈՒԹԻՒՆ, ԵՒ  ԶԲՆԱԿԵԱԼՆ  Ի  ՍՄԱ  ՄԻՇՏ ՓԱՌԱՒՈՐԵՍՑՈՒՔ» (ՇԱՐԱԿԱՆ): Սիրելի բարերա՛ր զավակներ Սամվել Շահնազարյան և Արմեն Եսայան, Թող  Տերն անսպառ ու մշտամնա պահի ձեր բարեսեր հոգին, առատապես օրհնի ձեր օջախները: Աղոթենք առ Բարձրյալն Աստված, որ  այս նորաօծ զանգերի ղողանջներն ու խաչքարի մշտամնա ներկայությունը, որպես մեր վերընձյուղված հավատքի Հիշատակարան, ուղեցույց լինեն հավատավոր հոգիներին՝  դառնալով խթան և առաջմղիչ ուժ հոգևոր նորոգության:  Ամեն»: Արարողության ավարտին համայնքը կազմակերպել էր տոնախմբություն: Համերգային ծրագրում ելույթ ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան դհոլահարները, «Հայկազունք» ազգագրական երգի պարի և «Նարեկ» պարային համախմբերը: Տոնն ամփոփվեց հրավառությամբ: 

  • 2014-09-14
×