Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշենք փետրվարի 12-ին

Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշենք փետրվարի 12-ին

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի օրհնությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

 

Ավանդազրույցի համաձայն՝ Սուրբն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով Ս. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

 

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։

 

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը,  ում շաղ տված ալյուրի կամ փոխինդի  միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։

 

Ու հետաքրքիրն այն է, որ չնայած դարեր են անցել, բայց այս գեցեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ:

 

Հիշեցնենք, որ այս օրը շատ հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-04-13
×