Ինչպիսի՞ն է Աստված ցանկանում տեսնել մեզ

Ինչպիսի՞ն է Աստված ցանկանում տեսնել մեզ

Երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք՝ ինչպիսին կցանկանար Տերը տեսնել ձեզ։ Մենք միշտ ապրում ու գործում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում։ Մեզ համար երբեմն այնքան էլ կարևոր չի դառնում շրջապատի կարծիքը։ Շրջապատի կարծիքի վրա չկենտրոնանալը գուցե արդարացվի, բայց Տիրոջ ցանկությունը անտեսել՝ չենք կարող ու դրա իրավունքը չունենք։ 

 

Ժամանակ կար, երբ ինքս էլ չէի գիտակցում Տիրոջ կամքի կարևորությունը: Հետո զգում ես՝ տարիներն ինչպես են փոխում քեզ ու ստիպում, ավելի շատ մտածել կարևորի ու հոգին ապրացնելու մասին։ Հիմա հասկանում եմ, որ այդ ամենին հասնելու համար մեզ հարկավոր է Աստծո հետ ամուր կապ ու  գիտակցում՝ ինչ կունենանք մենք, եթե Տիրոջ հետ անկեղծ հարաբերությունների մեջ լինենք: Այո՛, մենք կարող ենք «մոտենալ Աստծուն», թեև անհնար է նրան բառացիորեն տեսնելը։ Մտքով ու սրտով մենք կարող ենք «տեսնել» նրան  և այդպիսով մեծացնել Աստծո հանդեպ մեր սերը։

 

Չէ որ Հովհաննես առաքյալը ասել է. «Սիրենք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ…» (Հովհ. 1 4:19):

 

Աստվածաշնչում շատ է խոսվում հնում ապրած հավատարիմ անհատների մասին, ովքեր «քայլել» են ճշմարիտ Աստծո հետ։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք իրենց օրերն այնպես էին ապրում, որ կարծես Աստված բառի ուղղակի իմաստով իրենց կողքին լիներ։ Մեղավոր անհատներ լինելով հանդերձ՝ նրանք սիրում էին աստվածադիր օրենքները և ապրում էին Աստծո կամքին ներդաշնակ։ 

 

Աստված մոտենում է այդպիսի մարդկանց: Ուստի, եթե ժամանկին մենք էլ ենք մեր կամքից ու ցանկություններից անկախ հայտնվել մեղքերի մեջ ու հեռացել Աստծուց, ապա հիմա թող լինի այն ճիշտ պահը, որ նորից դառնանք դեպի Տերը, ու անկեղծորեն զղջանք մեր կատարած ամեն մի սխալի համար։

 
  • 2022-04-13
×