Մի դարձի պատմություն Սաշան աստծուն գտավ կյանքի ամենահատակում

Մի դարձի պատմություն Սաշան աստծուն գտավ կյանքի ամենահատակում

Սաշայի կյանքը բաժանվում է երկու փուլի՝ թմրադեղերից առաջ և հետո, մինչև Աստծուն ճանաչելն ու  Աստծուն գտնելուց հետո: 33-ամյա երիտասարդը ցավով ու ափսոսանքով է հիշում «գերության» 7 տարիներն ու երախտագիտությամբ խոսում իր ազատագրման մասին: Ինչպե՞ս խորը անհուսության մեջ, ամեն ինչ կորցրած, ինքնասպանության որոշումը կայացրած՝ հանկարծ կանգ առավ: Ինքը մի պատասխան ունի՝ հրաշք էր: Կյանքի ամենահատակում Սաշան գտավ Աստծուն:

 

Կյանքն  առանց Աստծո

 

Իրավաբան եմ, բայց մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել: Միշտ բիզնեսի բնագավառում էի, գործերս հաջող էին ընթանում, ունեի լավ ընկերներ, լավ շրջապատ: Ու այդ ամենին հասել էի շատ կարճ ժամանակում: Աստված ընդհանրապես տեղ չուներ կյանքումս: Շատ անլուրջ էի վերաբերվում Նրան, ծաղրում էի, նույնիսկ  չարացած էի Նրա հանդեպ:

 

Այնքան փող ունեի, որ չգիտեի՝ ինչի վրա ծախսեմ, ինձ համար հետաքրքրություն չէի թողել: Սիրում էի վայելքների մեջ լինել, մտածում էի՝ կանցնի, բայց հետո զգացի, թե այդ վայելքներն ինչպես են ինձ տանում կործանման:

 

Իմ դեպքում այդ ամենի պատճառն այն էր, որ ծնողներս ինձ շատ փակ էին պահում: Մինչև 14 տարեկան ամեն ինչ արգելված էր, հետո միանգամից սկսեցի բացահայտել կյանքը, միանգամից շատ ինֆորմացիա վերցրեցի: Ու այդ կյանքն ինձ ավելի դուր եկավ, սկսեցի հետաքրքրվել հանցագործ աշխարհով, դրամախաղով զբաղվել, ծխել:

 

Ընտանիքս, կինս չգիտեին թմրադեղերից կախվածությանս մասին: Ու դա ինձ ավելի ճարպիկ ստախոս էր դարձնում: Միշտ աշխատում էի ուշ գնալ տուն, որ բոլորը քնած լինեն: Բայց մի անգամ այնքան վատ վիճակում էի, որ նույնիսկ չնկատեցի, որ տան լույսերը հանգած  չեն, և ընտանիքիս անդամները քնած չեն: Եվ այդպես բացվեց ստի կծիկը:

 

Թմրադեղերի համար մեծ գումար էր անհրաժեշտ: Սկզբում օրական 300-400 դոլար էի ծախսում, հետո անցա ավելի էժանագին միջոցների: Երբ գումարդ վերջանում է, սկսում ես գողանալ: Այնքան ծանր էր վիճակս, որ նույնիսկ նարկոդիսպանսեր չէին ընդունում: Պառկացրեցին հոգեբուժարան։ Սարսափելի ցավեր էի ունենում։ Ապացուցված է, որ «լոմկա» կոչվածը ծննդաբերական ցավերից  5 անգամ ուժեղ է. ոչ մի բան չես ուզում, ուղեղդ ուղղակի չի աշխատում ու հետն էլ` անտանելի ցավեր:

 

Կյանքն Աստծուն գտնելուց հետո

 

Բայց եկավ մի պահ, որ ինքնասիրությունս խոսեց, հասկացա, որ որպես մարդ էլ չկամ: Դա վերջն էր։ Հստակ որոշեցի ինքնասպան լինել: Գնացել էի այգի, որ ծառից կախվեմ: Երկու հոգի նստած զրուցում էին, անցա կողքներով ու լսեցի, որ Աստծո մասին են խոսում: Առանց նայելու իրենց կողմը՝ ուղղակի ասացի. «Աստծո՞ւց եք խոսում»: Ուշադրություն չդարձրեցին, շարունակեցին զրույցը: Ես նորից պտտվեցի, ասացի. «Սուտ ա, Աստված չկա, եթե լիներ, ես էս օրին կլինեի՞»։ Ես այս խոսակցությունը չեմ հիշում, իրենցից մեկը՝ Էդիկն է ինձ հետո պատմել: Սկզբում կարծել են, թե անօթևան եմ, բայց հետո հասկացել են, որ ուղղակի շատ վատ վիճակում եմ: Ու Էդիկն էդ պահին ինձ ասաց. «Արի աղոթեմ քեզ համար»: Անհնար էր, որ ես ինչ-որ մեկին  ենթարկվեի, բայց այդ պահին գլուխս կախել, սպասում էի, որ աղոթի։ Եթե ինձ հետ պատահած չլիներ, չէի հավատա։

 

Հաջորդ օրը նորից հանդիպեցի Էդիկին: Երկար խոսեցինք: Ասաց, որ 25 տարի առաջ ինքն էլ թմրամոլ է եղել: Մեր հանդիպումն իսկական հրաշք էր: Իրեն ընտանիքիս հետ ծանոթացրեցի, սկսեցինք Աստվածաշնչով ապրել, ընտանիքիս վերաբերմունքն իմ հանդեպ աստիճանաբար փոխվեց: Կինս, չնայած շատ տանջվեց, բայց հավատարիմ գտնվեց ու մնաց կողքիս:

 

Ցավեր էլի ունեի, բայց էլ չէի մտածում՝ նորից թմրադեղ օգտագործեմ, որ անցնի: Ասում էի՝ կաղոթեմ կամ կգնամ բժշկի, կացնի: Սա ազատագրում էր:

 

Կյանքի գույները, մարդկային հատկանիշները քիչ-քիչ վերադարձան: Ուզում էի ամեն ինչ հետ բերել, տեղավորվեցի աշխատանքի, ուսումս ավարտեցի։ Կարողացա հետ բերել տունս, որտեղ ծնվել էի, նոր տուն գնեցինք, երրորդ երեխային ենք սպասում, ամեն ինչ իդեալական է: Բայց այս վիճակը պահելն ավելի դժվար է: Ուժեղ չլինես, մի վայրկյան է ընկնելը:

 

Ամեն երեկո Նարեկացի եմ կարդում: Եթե մեկն ինձ պատմեր, թե Նարեկացին ինչ զորավոր է, չէի հավատալու, պիտի զգաս։ Ամեն առավոտ Աստվածաշունչ եմ կարդում: Հասկացել եմ, որ եթե հոգնած եմ լինում, մտածում եմ՝ այսօր չկարդամ, հաջորդն օրն էլ չեմ ուզում կարդալ։ Զգում եմ, որ սատանան միշտ արթուն է, և միշտ կա գայթակղվելու վախը: Այդ պահերին «Հայր մեր»-ն եմ ասում, էնպես է օգնում։ Ես ամեն ինչ Աստծո ու սատանայի հետ եմ կապում։ Սաղմոսների մեջ էլ ասում է՝ քեզ կեղտից հանեցի, մարգարիտ դարձրեցի: Ինչպես հանեց, այնպես էլ կարող է գցել, բայց ես էլ չեմ կարող հետ գնալ։ Պիտի չմոռանաս Աստծուն, Աստված միշտ պիտի խոսի ներսդ։ Բայց սատանան ամեն ինչ անում է, որ մոռանաս։ Ես ինձ համար տեսություններ եմ հորինում ու էդպես ապրում: Ասում եմ. «Քրիստոս այդպես չէր անի, ուրեմն՝ ես էլ չեմ անի»։

 

Միշտ մասնակցում եմ Պատարագներին: Եթե մի կիրակի չեմ գնում եկեղեցի, տեր հայրը զանգում է՝ ո՞ւր էիր: Էնքան ուրախանում եմ այդ ուշադրությունից: Զգում եմ, որ Աստված մի քանի հոգու դրել է իմ կյանքում, երեք ազդանշան ունեմ՝ տեր հայրը, կինս ու Էդիկը: Ու էսպես հրաշքներին հավատալով՝ երջանիկ ապրում եմ։

 

Հ.Գ. Ընդառաջելով մեր հերոսի խնդրանքին՝ իր լուսանկարը 0չենք տեղադրում:

 

Լուսինե ՂԱՐԻԲՅԱՆ

  • 2022-04-13
×