Ճանաչո՞ւմ ենք Քրիստոսին
«Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես» (Մարկոս 8:27),- այս հարցը տվեց Քրիստոս իր աշակերտներին։ Աշակերտները պատասխանեցին․ «Հովհաննես Մկրտիչը, և ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարեներից մեկը» (Մարկոս 8:28):
Մարդիկ չէին ճանաչում Քրիստոսին, իսկ ի՞նչ է սա նշանակում։ Չճանաչելով Քրիստոսին՝ մարդիկ չեն ճանաչում իրենք իրենց։
Օրերս Սուրբ Ծնունդն էր, և մենք տոնեցինք ու միմյանց փոանցեցինք Ծննդյան հրաշալի ավետիսը՝ հուսալով որ Տերը կծնվի նաև մեր սրտերում և լույս, սեր ու փրկություն կպարգևի մեզ։ Սակայն այսօր՝ Սուրբ Ծնունդից օրեր անց գուցե Քրիստոս մեզ գտնի կրկին նման չիմացության մեջ։ Գուցե մեղավոր լինելը մարդկային է, գուցե մեր թուլակամությունը մարդկային է, սակայն առաջնային է գիտակցելն ու ապաշխարելը, առաջնային է զգալը մեր չիմացությունը, մեր անգիտությունը։ Առաջնայինն իրականում ճանաչելու ցանկությունն է։
Եկեք նախ ինքներս մեզ հարցնենք՝ ո՞վ եմ ես։ Արդյոք այդ հարցի պատասխանը գիտե՞նք։ Բնականաբար, կարող ենք տարբեր պատասխաններ տալ, սակայն դրանցից ոչ մեկն էլ ճշմարիտ չեն լինի, քանի որ եթե չենք ճանաչում Աստծուն, չենք ճանաչում ինքներս մեզ։ Ինչպիսին Քրիստոս է, այնպիսին պիտի լինենք մեք։
Քրիստոս նույն դրվագում առաքյալներին հարցնում է․ «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»: Պետրոսը պատասխան տվեց և ասաց նրան. «Դու Քրիստոսն ես»: Եվ նա խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին մարդու բան չասեն» (Մարկոս 8:29-30):
Հավատանք Քրիստոսին, որպեսզի ճանաչենք Նրան։ Ապրենք մեր նոր կյանքով՝ այն մեկով, որ տրվել է մեզ Նրա շնորհիվ։ Անսպառ հավատքն է միայն, որ առաջնորդելու է մեզ ճանաչելու Տիրոջը, ճանաչելու ինքներս մեզ։