Այդ խաղաղ, համազարկով կրակոցը

Այդ խաղաղ, համազարկով կրակոցը

Ամանորի գիշերը, ուղիղ ժամը 12-ին, հայրս իր հրացանից մի կրակոց էր արձակում դեպի երկինք: Նույնը իրենց բակերից անում էին գյուղի մյուս` հրացան ունեցող տղամարդիկ: Ամանորի գիշերը հենց այդ խաղաղ համազարկով մեր մանկական  երազանքները խառնվում էին մեծ աշխարհի երազանքներին, ու Նոր տարի էր գալիս: Տարիներ անց, երբ մեծ աշխարհի երկնքի պես մեր գյուղի երկինքն էլ սկսեց գունավորվել ամանորյա հրավառությամբ, միևնույնն է, ուղիղ ժամը 12-ին, հենց այդ խաղաղ համազարկով կրակն էր ազդադարում Նոր տարվա գալուստը: Գալիս էր սպասված Նոր տարին, մտնում յուրաքանչյուր տուն, դառնում երազանք, նոր օրերի հանդեպ լավատեսություն ու հույս: Գյուղում ամեն մարդ Ամանորի գիշերը իր տանը, իր ընտանիքի անդամների հետ էր անցկացնում: Բոլոր տների  երդիկներից մինչև ուշ գիշեր ծուխ էր բարձրանում: Արդեն կեսգիշերն անց հերթով մարում էին տների լույսերը, ծուխը մթան մեջ կորում էր, և գյուղը խաղաղ քուն էր մտնում: Բոլոր տներում, անշուշտ, առաջինը խմում էին սահմանապահ զինվորի կենացը:

 

Նոր տարվա առաջին օրերին գյուղից ոչ գնում, ոչ էլ գյուղ հյուր էին գալիս: Գալիս էին Ամանորի նախաշեմին: Ստեփանակերտից մեր գյուղ գործում էր կանոնավոր տրանսպորտային միջոց: Եթե կարողանայիր  երկուշաբթի, ուրբաթ օրերին ուղիղ ժամը 15:00-ին լինել մեքենայում, որի դիմապակու վրա գրված էր՝ Քարվաճառ, մինչև շրջկենտրոն Քարվաճառ հասնելը, մեքենան կկանգնեցնեիր մեր գյուղում ու ամենաուշը 3 ժամից հրաշքով կհայտնվեիր Նոր Բրաջուրում: Միայն թե ձմռանը մեր գյուղ հասնելիս արդեն մութ կլիներ, չէիր կողմնորոշվի որ կանգառում իջնել: Դե՛ լավ, կատակում եմ, գյուղերում կանգառ չկա, պիտի գոռայիր, օրինակ. «Գրիգորյանենց տան մոտ կկանգնե՛ք»: Լավ, ավելի լավ է, կգանք, կդիմավորենք: Իսկ մենք ինչպե՞ս… Մենք մեր գյուղի ոլորաններն ու խորդուբորդ ճանապարհներն անգիր գիտենք, զգում ենք՝ որտեղ ենք: Ստեփանակերտից մեր գյուղ հասնելը մի քիչ դժվարանում էր Ամանորի նախաշեմին, մեկ շաբաթ առաջ, որովհետև շրջանի ուսանողները վերադառնում էին տուն, և տոմսերը շատ արագ էին սպառվում:   Ամանորի նախաշեմին ճանապարհն էլ էր արագ սպառվում, որովհետև ուսանողները վերադառնում էին տուն, իսկ տանը տաք է: Տանը միշտ տաք է:

 

Ստեփանակերտի ավտոկայանում հիմա չկա ու ոչ ոքի չի սպասում մեքենան, որի դիմապակուն գրված լինի՝ Քարվաճառ: Ի՞նչ ավտոկայան է, որ չունի մեկ  մեքենա, որ մեզ տանի տուն: Ստեփանակերտի ավտոկայանից էլի մեքենաներ են պակասել, և տոմսավաճառից վաղուց արդեն ոչ ոք տոմս չի գնում, որ մեկնի Քարվաճառ, Հադրութ, Բերձոր, Շուշի…, Նոր Բրաջուր:

 

Ահա  երկրորդ Ամանորն է, որ լուռ է անցնելու մեր փոքրիկ գյուղում, և չի գունավորվելու երկինքը: Երկրորդ Ամանորը, որ մեր երազանքները չեն խառնվում աշխարհի երազանքներին:

 

Մեր ընտանիքը Նոր Բրաջուրում ապրում էր 2000 թվականից: Ապրեցինք 20 տարի: Մեկը՝ մի ամբողջ մանկություն, մյուսը՝ երիտասարդություն, մեկը՝ ծերություն: Ում ինչ կարողացավ տվեց Բրաջուրը, և ով ինչ կարողացավ վերցրեց: Իսկ ես դեռ շարունակում եմ վերցնել և ամեն օրվա օրհնության նման` ստանալ իմ լեռնային մանկության ճիշտ պատկերները: Ինձ բաժին հասած Բրաջուրը` իմ բոլոր հուշերով, գունավոր ու սիրուն թելերով կապված է բոլոր այն մանկություններին, որ անցել ու մնացել են մեր խաղաղ լեռներում: Մեր խաղաղ հայրենիքում, որ սպասելու է հայերեն խոսքի ու ծիծաղի, հայերեն խաղի ու պարի: Սպասելու է իր շինարար տերերին, որ նորից տուն ու երդիկ կառուցեն, սպասելու է, որ երդիկներից նորից խաղաղ ծուխ բարձրանա, սպասելու է իր ուսանողներին, սպասելու է… Սպասելու է այն խաղաղ համազարկով կրակին` ի նշան հաղթության ու ազատագրման, ի նշան` լուսավոր գալիքի… Սպասելու է, որովհետև օրերից մի օր նորից մեր հայրերի ու եղբայրերի շնորհիվ է գալու Նոր տարին…

 

 

Արաքսյա  ՄԻՐԶՈՅԱՆ

  • 2022-04-12
×