Կաղանդ՝ Հայոց Ամանոր

Կաղանդ՝ Հայոց Ամանոր

Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում:

 

Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ հենց Կաղանդ պապը, ով նվերների փոխարեն բաժանում էր տոնական յոթ խորհուրդներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Կաղանդ պապիկը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։

 

Ս. Ծննդյան տոնին նախորդում է Հիսնակաց պահքը: Հիսնակաց նշանակում է հիսունօրյա պահք: Այսօր այդ կանոնը փոփոխվել է: Եկեղեցու հայրերը հիսնակաց պահքը բաժանեցին շաբաթապահքերի և տեղափոխեցին ողջ տավա մեջ` տարբեր տոներից առաջ կարգելով մեկ շաբաթյա պահք:

 

Սուրբ Ծննդյանը նախորդող հիսնակը, որ սկսվում է նոյեմբերի 18-ին մոտակա կիրակիից հետո, բաղկացած է 7 շաբաթներից, որոնցից այսօր պահվում են առաջին շաբաթը՝ «Հիսնակի» շաբաթապահքը, վերջին շաբաթը՝ «Ծննդյան» շաբաթապահքը, և միջակայքում գտնվող «Սուրբ Հակոբի» շաբաթապահքը:

 

Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը Ս. Ծննդյան շաբաթապահքն է: Հունվարի 5-ին, երեկոյան Ճրագալույցի Պատարագին մասնակցելու և պահքից դուրս գալու համար պետք է այդ օրը առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել), զղջումով և ապաշխարությամբ մասնակցել Ս. Պատարագին և Հաղորդություն ստանալ:

  • 2022-04-12
×